Մատչելիության հղումներ

Եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու համար, թույլ քննադատություն է. Տիգրան Ավինյան


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նաև ավագանու ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն է լինելու, կարծում է, որ եթե իրեն քննադատում են իր աշխատանքը լավ անելու համար, դա թույլ քննադատություն է։

«Ես անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց նա։

Ստորև ներկայացնում ենք հատված ասուլիսից.

«Ես չեմ համարում, որ այստեղ որևէ խնդիր կա»

«Ես անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել», - ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան փորձագետների, վերլուծաբաններ ու իրավապաշտպանների պնդումներին, թե իր լծակներն օգտագործելով կարողանում է շրջել Երևանի տարբեր վարչական շրջաններում, մարդկանց խնդիրներին է ծանոթանում, նրա այցերը լուսաբանվում են, և սա քաղաքապետի մյուս թեկնածուների հնարավորությունների համեմատ արդար չի լինելու։

«Մենք պետք է ժողովրդավարության հենասյուներից մեկին վերադառնանք և հասկանանք՝ ով ինչ պետք է անի, ինչ պետք է անի գործող իշխանությունը, և ինչ պետք է անի ընդդիմությունը գալիք ընտրություններում։ Ես չեմ համարում, որ այստեղ որևէ խնդիր կա, որովհետև որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ, որպես Երևանի փոխքաղաքապետ՝ ես անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել, և եթե ես իմ աշխատանքը անում եմ լավ… ու դա էլ շատ սուբյեկտիվ է, մարդիկ կան, որ անում եմ վատ, ու քննադատում են իրանց դրա համար», - ասաց նա։

Տիգրան Ավինյանը կարծում է, որ եթե իրեն քննադատում են իր աշխատանքը լավ անելու համար, դա թույլ քննադատություն է. - «Այդտեղ մեր ընդդիմադիր գործընկերները ապագայում խնդիր ունենալու են, ես իրենց խորհուրդ կտամ կենտրոնանալ մեր բացթողումների վրա և այն աշխատանքների վրա, որոնք պետք է անենք և չենք անում»։

Նա նշեց, որ երևանցին խելացի ընտրող է, պետք չէ մտածել, որ միայն մի քանի գործողություն անելով կարող են ազդել այդ ընտրության վրա։ Բայց միաժամանակ նշեց. - «Այո, մենք 200-ից ավելի բակ ենք կառուցելու այս տարի, դա լա՞վ է, թե՞ վատ։ Եթե այս տարի 200 բակ ենք կառուցելու և ծրագրում ենք հինգ տարիների ընթացքում ամեն տարի աճեցնենք, և դա մեր ծրագիրն է երկարաժամկետ, այդտեղ առավելություն ունե՞նք։ Այո, միգուցե ունենք առավելություն, որ մենք մեր դրած նշաձողները բարձր ենք սահմանում և իրագործում ենք»։

Դիտարկմանը, որ խնդիրն այստեղ այն է, որ այդ աշխատանքները արվում են այսպես ասած՝ Տիգրան Ավինյանի «դեմքով», և մարդկանց հիշողության մեջ մնալու է, որ ինքը լուծել կամ չի լուծել իրենց խնդիրները, փոխքաղաքապետն արձագանքեց. - «Իսկ ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, ձեռքերը ծալի, նստի և ոչ մի բան չանի՞»։

Նա հավելեց՝ քննադատություններ կարող են լինել, եթե ինքն իր լիազորությունների շրջանակից դուրս գա։

Ինչո՞ւ ինքը փոխքաղաքապետ

Ինչո՞ւ իշխող ուժը որոշեց հենց իր ապագա թեկնածուին նշանակել փոխքաղաքապետ՝ ասաց. - «Որովհետև ենթադրաբար իշխող ուժը որոշեց, որ այս թեկնածուն լավագույնս կարող է կազմակերպել այն աշխատանքը, որը դեռևս 2017-ի «Ելքի» ծրագրով հիմք դրած կարող է իրականացնել, և վստահեց ինձ այդ պատասխանատվությունը»։

Ծառահատումների մասին

«2022 թվականից Երևան քաղաքն իրականացնում է մեծածավալ կանաչապատման աշխատանքներ, նույնիսկ կասեի անտառատնկման աշխատանքներ, որը տասնամյակների ընթացքում չի իրականացվել», - ասաց Ավինյանը՝ պատասխանելով ծառահատումների մասին հարցին։

Կասկադում հատված ծառերի փոխարեն սակուրաներ շարելուն զուգահեռ հանրային դժգոհություն բռնկվեց, որին ի պատասխան քաղաքային իշխանությունը արձագանքեց, թե մասնագիտական աշխատաժողովում կանաչապատման այս ռեֆորմը միայն դրական գնահատականների է արժանացել։

Այսօր Ավինյանը շեշեց՝ Երևանում կա կանաչապատման մեծ խնդիր։

«Ինչքան էլ որ քննադատությունն ու մանիպուլյացիան լինեն, մենք ճիշտ և գրագետ ճանապարհից չենք կարող հետ կանգնել, ինչ է թե մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ փորձելու են ներկայացնել, թե քաղաքապետարանն իրականացնում է ծառասպանդ», - հավելեց նա։

Ըստ Ավինյանի՝ մասնագետների հետ նման թեմաներով քննարկումներ կազմակերպվում են, ու նրանց որոշումները հաշվի են առնվում, օրինակ՝ Կասկադի հարակից հատվածներին առնչվող լուծումները, որտեղ սրճարաններն են գործում, դրվելու են հանրային քննարկման։

«Ծառահատումներ չեն տեղի ունենում, տեղի են ունենում հին, իրենց կյանքը ապրած ծառերի փոխարինում նոր, առողջ ծառերով։ Ծառերն այդպիսի հատկություն ունեն՝ իրենք աճում են և այն տեսքին չեն մնում, ինչ որ հիմա են, այսինքն՝ մենք փորձում ենք առողջ և ճիշտ բան անել», - ասաց նա՝ հավելելով, որ համոզելով, բացատրելով այս գործը շարունակելու են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG