Անօդաչու թռչող սարքերով հերթական գրոհը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողը անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանական զինտեխնիկայով, ապրիլ, 2023թ.

Այս գիշեր Ուկրաինայի տարածքի զգալի մասում օդային տագնապ է հայտարարվել: Ուկրաինական կողմը հաղորդում է, որ պատճառը ռուսական զինուժի անօդաչու թռչող սարքերի հերթական գրոհն է՝ հիմնականում իրանական արտադրության «Շահիդ»-ների։

Մասնավորապես, 25-օրյա ընդմիջումից հետո առաջին անգամ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կիևի քաղաքային իշխանությունների տվյալներով՝ 8 անօդաչու թռչող սարք հայտնաբերվել և խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Միաժամանակ, ինչպես հայտնել է Պոլտավայի շրջանի վարչակազմը, անօդաչու թռչող սարքի հարվածով շրջանում ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտ։ «Փրկարարներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ: Նախնական տվյալներով զոհեր չկան»,- իր Telegram ալիքում գրել է շրջանի ղեկավար Դմիտրի Լունինը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան իր հաղորդագրությունում հայտնում է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը գիշերն Ուկրաինա է արձակել մոտ 10 «Շահեդ-136» անօդաչու թռչող սարք, դրանցից 8-ը խոցվել է։ Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսները 23 ավիահարված են հասցրել Ուկրաինայի տարածքում, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը։