Ղազարյանը Մանասյանին ՄԻՊ ընտրելու ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու հարցով դիմել է դատարան

Անահիտ Մանասյան, Էդգար Ղազարյան

Մարդու իրավունքների պաշտպանի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած ու չընտրված թեկնածու Էդգար Ղազարյանը դիմել է դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու խորհրդարանի ապրիլի 11-ի որոշումը։

Ղազարյանը որոշումն անվավեր ճանաչելու համար հինգ խումբ գործոններ է նշել։

Մասնավորապես, ըստ թեկնածուի, Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը կայացվել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու։

Ղազարյանը նշել է, որ խախտվել է նաև «Դատախազության մասին» օրենքը՝ պարզաբանելով՝ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, նա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին կարող էր մասնակցել միայն որպես ընտրող, իսկ տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու։

Անահիտ Մանասյանը ՄԻՊ ընտրվեց 69 կողմ, 0 դեմ ձայնով։ Ղազարյանի պնդմամբ, Մանասյանը փաստացի ընտրվել է ոչ թե Ազգային ժողովի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը։

«Ընտրությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն՝ փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն», - հայտարարել է Էդգար Ղազարյանը։