Մատչելիության հղումներ

ՄԻՊ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել է Էդգար Ղազարյանի թեկնածությունը


Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել են Վայոց Ձորի նախկին մարզպետ, ընդդիմադիր Էդգար Ղազարյանի թեկնածությունը։

Վերջինս «Ազատությանը» ասաց՝ վստահ է, որ ինքն է լինելու Հայաստանի հաջորդ ՄԻՊ-ը, քանի որ, ինչպես ինքը բնորոշեց, մեծամասնության թեկնածուն է։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հայտարարել է, որ հանձնաժողովն արդեն պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և դրանք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Թովմասյանն ասյօր ընդգծել է, որ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հունվարի վերջին անսպասելի հրաժարական տվեց՝ պարզաբանելով՝այլ աշխատանքի առաջարկ է ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է խորհրդարանը փակ գաղտնի քվերակությամբ։

XS
SM
MD
LG