Մատչելիության հղումներ

«Ծաղրածու, խայտառակություն». ՄԻՊ-ի թեկնածուների քննարկումն ընթացավ սկանդալով


Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների քննարկումն Ազգային ժողովում ընթացավ սկանդալով։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանն ու իշխանական պատգամավորները լեզվակռվի բռնվեցին։ 2 ժամվա ընթացքում այդպես էլ բովանդակային քննարկում չեղավ։

Էդգար Ղազարյանը Լեհաստանում Հայստանի նախկին դեսպանն է, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը։ Ղազարյանը պարբերաբար հակաիշխանական ցույցեր է նախաձեռնում, այսօր խորհրդարանում էլ նրա ելույթը քաղաքական բնույթի էր։ Վեճը պայթեց, երբ գործող իշխանությանը որակեց հանցավոր ռեժիմ։

«Կոչ անելով քաղաքացիներին տեր կանգնել իրենց իրավունքներին և դատապարտել ու հեռացնել այն հանցավոր ռեժիմը, որի պաշտոնավարման շրջանում համընդհանուր բնույթ են կրել մարդու իրավունքների խախտումները», - նշեց նա։

Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ընդհատեց թեկնածուին և բացատրություն պահանջեց։ Նրան միացան իշխանական մյուս պատգամավորները. - «Որակումներ ես խնդրում եմ՝ մի արեք»։

Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում իշխող ուժը առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Նա ավելի ուշ եկավ նիստին։ Մինչ այդ քննարկումը վերածվել էր լեզվակռվի ու գոռգոռոցների։ Ընդդիմադիր պատգամավորները չէին եկել իրենց թեկնածուին ներկայացնելու։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր միայն ներկա, նա էլ նիստն էր վարում։ Թովմասյանին չէր հաջողվում կողմերին լռեցնել։

«Եկել եք, բոլորով նստել եք ու գոռում եք, ժողովուրդ, այդպես չի կարելի, ինչո՞ւ եք գոռում», - հարցրեց նա։

Էդգար Ղազարյանը շարունակեց ելույթը, քննադատեց, թե իշխանության թեկնածուն օրենքների խախտմամբ է առաջադրվել, իր նկարագրած խախտումների ու երկրում տիրող այլ օրինախախտումների պատճառը համարեց 2018-ի իշխանափոխությունը, մեղադրեց Հայաստանի իշխանությանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցելու համար։

Այստեղ էլ բորբոքվեցին իշխանական պատգամավորները, թե ի՞նչ իրավունքով է ժողովրդի հեղափոխությունը որակում ադրբեջանա-թուրքական։ Իշխող խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել բոլոր նրանց ականջներն ու լեզուն, որ այդպիսի որակումներ կտան հեղափոխությանը. - «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանա-թուրքական ինչ-որ խումբ»։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով Ազգային ժողով այս ծաղրածուին», - նետեցին իշխանական պատգամավորները։

«2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանա-թուրքական հեղափոխություն որակելը ես նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, ովքեր շահել են այդ իրադարձությունների…», - եղավ արձագանքը։

Որքան աղմուկը թեժանում էր, այնքան իշխանական պատգամավորների հոսքը ավելանում էր հանձնաժողով։ Եկան ու շարունակեցին վիրավորական ու հեգնական ելույթները։ Մի պահ բոլորը լքեցին դահլիճը, ինչը Էդգար Ղազարյանը համարեց իր հաղթանակը. - «Ինձ հաջողվեց անել այն, ինչը երազում էր մեր ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից մի փաթեթով, և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում»։

Նիստի երկրորդ հատվածը, որ արդեն իշխանության թեկնածու Անահիտ Մանասյանի առաջադրումն էր քննարկվում, խաղաղ անցավ։ Էդգար Ղազարյանը նստած լուռ հետևում էր նիստին։ Ոչ մի միջադեպ։ Ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ չեկան նիստին և հարցեր չտվեցին իշխանութան թեկնածուին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք այդ հանձնաժողովում երկու անդամ ունեն, մեկը գործուղման է, մյուսը՝ վատառողջ։

Մինչդեռ, ընդդիմադիր պատգամավորները կարող էին գալ և հարցեր տալ Անահիտ Մանասյանին։

Իշխանության չորս ձայնով Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրվեց։ Էդգար Ղազարյանի օգտին միայն Թագուհի Թովմասյանն էր քվեարկել։ Գլխավոր դատախազի տեղակալի ելույթը իրավական բնույթի էր։ Նա խոստացավ, որ կլինի բոլորի պաշտպանը անկախ քաղաքական հայացքներից։

«Ես ունեմ բազմաթիվ այլ ընկերներ, այլ հարազատներ տարբեր այլ կառույցներում, այլ սոցիալական խմբերում, այլ քաղաքական հայացքներ կրող ընկերներ ունեմ, և դա չի նշանակում, որ որևէ մեկով ես կաշկանդվածություն ունեմ», - ասաց նա։

Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արարքի հետ կապված, որ քաղաքացին ահազանգել էր, թե թքել է իր դեմքին, երբ Սիմոնյանին դավաճան է ասել։

«Որևէ երևույթի մասին խոսել հնարավոր է բացառապես այն իրավիճակում, երբ ունես դրան վերաբերելի հստակ իրավական փաստերը», - պատասխանեց նա։

Լրագրողները հարցրին նաև իրեն առաջադրած պատգամավորների պահվածքի մասին՝ ին՞չ կարծիք ունի, երբ իր մրցակից Ղազարյանին անձնական բնույթի վիրավորանքներ էին հասցրել։ Անահիտ Մանասյանը դարձյալ խուսափեց կոնկրետ գնահատականից։

«Այս պահին մեղավորներ փնտրելու պահը չէ, այս պահին միասին խնդիրներ լուծումներ տալու պահն է», - նշեց նա։

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տեղի կունենա առաջիկա հերթական նիստում։ Իշխանության ձայները բավարար են Անահիտ Մանասյանին օմբուդսմեն ընտրելու համար։

XS
SM
MD
LG