Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։
Տեսակցությունների շրջանակում ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ՝ Կարմիր Խաչի նամակների միջոցով, «Ազատությանը» տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին փոխանցեց՝ նրանց առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը քննարկում են միայն պահող իշխանությունների հետ։
Երկու զինծառայողի՝ 2004 թվականին ծնված Ագշին Բաբիրովի և 2003 թվականին ծնված Հուսեյն Ախունդովի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Հայաստանում հենց նույն օրը Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում ձերբակալվեց Բաբիրովը, Ախունդովը հայտնաբերվեց և ձերբակալվեց երեք օր անց՝ Աճանան գյուղի մոտակայքում։
Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են: Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդեց, որ Ախունդովն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազություն. Հայաստան ներթափանցած ադրբեջանցին է սպանել Պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին