Մատչելիության հղումներ

Բայրամովը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայաստանում ձերբակալված ադրբեջանցիներին


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածը անցած և Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներ Աքշին Բաբիրովին և Հուսեյն Ախունդովին։

Այս մասին ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի խնդիրներով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում։

«Արտգործնախարար Բայրամովը նշել է, որ երկու ադրբեջանցի զինծառայողները գերեվարվել էին, նրանցից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն էր կիրառվել», - հաղորդում է APA գործակալությունը։

Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել։

Մասնավորապես, առաջինը կալանավորված Ագշին Բաբիրովին, որին Սիսիանի Աշոտավանում գյուղում բնակիչները բռնել էին դեռ ապրիլի 10-ին, ըստ դատախազության, մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Նույնանման մեղադրանք է ներկայացվել ապրիլի 13-ին Կապանի մոտակայքում կրկին բնակիչների կողմից հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինածառայողին՝ Հուսեյն Ախունդովին։ Սակայն, նրա դեպքում մեղադրանքը լրացվել է ևս մեկ հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Առայժմ, սակայն, Գլխավոր դատախազությունը չի հայտնում, թե արդյոք Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները կապ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 56-ամյա պահակի սպանության հետ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բնակիչների կողմից Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ։

XS
SM
MD
LG