Ալիևը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»:
Հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, Ադրբեջանի առաջնորդը պնդում է՝ այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի։
«Հայաստանը, որն ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր ասածը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Որովհետև եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի», - պնդել է նա:
Իլհամ Ալիևն այս մասին խոսել է այսօր` կրկին սպառնալիքներ, վիրավորական խոսքեր հնչեցնելով հայերի հասցեին: Ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության կնքելու անհրաժեշտությանը և անգամ այդ մասին խոսելիս շեշտել՝ Բաքուն հզորացնում է բանակը, որպեսզի պատրաստ լինի ցանկացած իրավիճակի։
«Ճիշտ է, մենք ջախջախեցինք թշնամու գլուխը և մեծ հաղթանակ տարանք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Սակայն, Հայաստանում կրկին ակտիվանում են ռևանշիստական ուժերը, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի», - նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում, որ Ադրբեջանը նույնը անի. ՓաշինյանԿրկին պնդելով, թե Բաքուն է առաջարկել Երևանին հաշտության պայմանագիր կնքել, Ալիևը հարկ է համարել նշել, որ Հայաստանը պետք է համաձայնի` ուզած թե չուզած. - «Վերջին երկու տարիներին հայկական կողմի դիրքորոշումնեերում տարբեր վայրիվերումներ են եղել, տարբեր փոփոխություններ։ Արդյունքում մեզ թվում է, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը։ Որովհետև այլ տարբերակ չկա»։
Հիշեցնելով, որ «Երևանը Պրահայում պաշտոնապես ճանաչել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալիևը վերստին պնդել է՝ Ղարաբաղը իրենց «ներքին խնդիրն է»: Մինչ Երևանում ու Արևմուտքում խոսում են խնդրի կարգավորման միջազգային մեխանիզմներ ստեղծելու մասին, Ադրբեջանի առաջնորդը այսօր ասել է` այդ հարցը մտադիր չեն քննարկել ոչ միայն Հայաստանի, այլև որևէ այլ երկրի հետ: Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդին, Ալիևն այսօր նույնիսկ ինտեգրացիոն գործընթացներին չի անդրադարձել, կարճ-կտրուկ ձևակերպելով` «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակավայր գտնեն»։
«Անջատողականները պետք է իմանան, որ երկու ընտրություն ունեն՝ կա՛մ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալու են։ Մենք ....ծնկի ենք բերել սեպարատիստների գլխավոր ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եկել էին Ղարաբաղ՝ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր տարածքներից, ու հիմա նրանցից ոչ ոք չի կարող նույնիսկ քիթը խոթել Խանքենդի կամ այլ տեղ», - հայտարարել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը և Օլսոնը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման հարցըՀայաստանի նախկին ղեկավարներից բացի, Ալիևը վիրավորական հայտարարություններ է հնչեցրել նաև Արցախի իշխանությունների հասցեին՝ նրանց անվանելով «ծաղրածուների խմբակ», և հորդորել չխաղալ Բաքվի համբերության հետ։
Մինչ միջազգային զեկույցները փաստում են՝ Ադրբեջանը ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության առումով ետնապահներից է, որտեղ իշխանությունը տասնամյակներով գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, ընդդիմախոսներն էլ բանտարկվում, խոշտանգումների են ենթարկվում, Ալիևը ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում վստահեցնում է՝ Ադրբեջանը լիակատար ազատություններ ունեցող մի երկիր է, որտեղ առկա են ժողովրդավարության բոլոր հիմքերը, և Ղարաբաղի հայերի հարցը պետք է իր լուծումը գտնի մարդու իրավունքների հիման վրա։
Նախազգուշական հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանի առաջնորդը հարկ է համարել շեշտել՝ իր բանակը պատերազմից հետո ավելի է ուժեղացել, և անգամ հիմա բանակաշինությունն ու պաշտպանական ներուժի հզորացումը շարունակում են մնալ առաջնահերթություն Ադրբեջանի համար։ Մյուս գերխնդիրը, ըստ Ալիևի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների զարգացումն է, ուստի պատրաստվում են Լաչին քաղաքը վերաբնակեցնել պլանավորած ժամկետից շուտ՝ արդեն առաջիկա ամիսներին։ Թե ինչով է պայմանավորված այդ շտապողականությունը, Ալիևը չի պարզաբանել, նշել է միայն, որ վերջին հաշվարկներով Լաչինում առաջիկայում շահագործման կհանձնվի 570 բնակելի տուն։