«Այս ձևով ինտեգրացիայի առաջարկ չի լինում». ազգագրագետը՝ Բաքվի քաղաքականության մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խորապես համոզված է, որ Ադրբեջանում վարվում է «ատելության և ռասիստական քաղաքական կուրս»:

«Հիմա ասել, թե անհանդուրժողականություն կա հայերի նկատմամբ, շատ մեղմ է ասված: Այս 35 տարիներին դաստիարակվել է ահռելի ծավալի հայատյացություն, ռասիզմ», - ասաց Խառատյանը «Ազատությանը» տված հարցազրույցում՝ միաժամանակ ընդգծելով, որ «իրեն թույլ չի տա, ոչ էլ մտածում է, որ կա գենետիկ անհանդուրժողականություն»:

«Ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը, եթե, օրինակ, այսօր չորրորդ ամիսն անց է, երբ միջանցքը շատ տգեղ ձևով փակ է, երբ որ զրկում են այդ մարդկանց պարբերաբար էներգիայի հնարավորությունից, երբ որ ձմեռը ամբողջ այդ մարդիկ անցան այդպիսի կախվածության վիճակում՝ դեղորայք, և այլն», - նշեց ազգագրագետը՝ արձագանքելով արցախահայերին Բաքվի արած «ինտեգրվելու» առաջարկի և ղարաբաղցիների ընդվզելու վերաբերյալ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է այս մթնոլորտում որևէ տեսակի համակեցություն:

«Այս ձևով ինտեգրացիայի առաջարկ չի լինում: Սա ակնհայտ ասում է՝ ինտեգրացիան այն է, որ ձեզ կմաքրենք Ադրբեջանից: Ինչպես Ադրբեջանի մյուս փոքրամասնությունները, հաճախ է ասում Իլհամ Ալիևը, բայց մեզ մոտ չափազանց քիչ գիտեն, և աշխարհը առավել ևս քիչ գիտի, թե Ադրբեջանում փոքրամասնությունն ինչ է նշանակում», - շեշտեց Խառատյանը:

«Այո, փախստականների մեծագույն մասը, առնվազն՝ Հայաստանում ապրողների, շատ է ուզում իր հայրենիքի և իր մշակութային ժառանգության շարունակողը լինել և ուզում է իր միկրոմշակույթի հետ միասին համատեղ ապրել: Բայց նաև գիտակցում է, որ Ադրբեջանի տարածքում, նրա քաղաքական վերահսկողության տակ ինքը ոչ միայն մշակութային, նույնիսկ ֆիզիկական գոյության հնարավորություն չի ունենա, նույնիսկ եթե ամենալուրջ միջազգային պաշտպանական ֆունկցիաներով այնտեղ ռազմական կազմավորում լինի», - հայտարարեց ազգագրագետը՝ դրական պատասխանելով դիտարկմանը՝ «մեխանիզմ, ինչը անվանում է Հայաստանի իշխանությունը՝ տեսանելի, շոշափելի»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.