«Միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը». Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, արխիվ

Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ է աշխատել, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը, «գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել», - ընդգծում է պաշտոնյան՝ շարունակելով. - «Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել»:

«Այդուհանդերձ, այնքան աշխատանք է կատարված, որ վստահ եմ՝ ապրիլի 23-ին, երբ կավարտվի առաջնությունը, մեր գործընկերները կարձանագրեն, որ խնդիրը լուծված է շատ բարձր մակարդակով», - գրում է Հարությունյանը:

«Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին», - շեշտում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

«Առաջիկա օրերին լցնենք տրիբունաները ու աջակցենք մեր մարզիկներին», - կոչ է անում Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով. - «Մեզ հաղթանակեր են պետք»:

Երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչին պաշտոնական Բաքուն վրդովմունքով արձագանքեց և որոշեց հետ կանչել իր մարզիկներին:

Երևանը մտահոգիչ է համարում Բաքվի որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանրամարտի ԵԱ բացման ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը. ադրբեջանցի մարզիկները լքեցին առաջնությունը