Մատչելիության հղումներ

Ադրբեջանի մարզիկներին Երևանում անվտանգային լրացուցիչ երաշխիքներ են տրվել


Ադրբեջանի տասներկու հոգանոց պատվիրակությունն, այդ թվում՝ չորս ծանրորդներն արդեն Երևանում են՝ մասնակցելու ապրիլի 15-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը։ Լրացուցիչ անվտանգային երաշխիքներ են խնդրել, որոնք ապահովվել են, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ուղեկցումներն են, օդանավակայանում դիմավորումն է, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության միջոցառումների իրականացնելն է», - մանրամասնեց նա։

Տղամարդկանց թիմում հարթակ դուրս կգան Իսա Ռուստամովը, Օմար Ջավադովը, Ալի Շուքուրլուն, ադրբեջանցիներից առաջինը ապրիլի 15-ին պայքարի մեջ կմտնի հարևան երկրի միակ կին ծանրորդը՝ Նազիլա Իսմայիլովան։

Մրցաշարը վարկանիշային է 2024-ի Փարիզի օլիմպիական խաղերի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ թիմը Երևան է ժամանել ոչ այնքան մեդալների, որքան վարկանիշային միավորների համար։

«Ես չեմ ցանկանում և չէի ուզի, որ մեր հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծել, որովհետև մարզական աշխարհում նույնիսկ հակամարտող երկրների թիմերին ընդունելը սովորական միջոցառում է սովորական մրցաշարի շրջանակներում, որովհետև ուզում եմ կրկին ասել՝ ինչպես Հայաստանը, ինչպես Խորվաթիան, ինչպես Կոսովոն և մյուս երկրները, Ադրբեջանը նույնպես եվրոպական ֆեդերացիայի մի մաս է, և իրենք կարող են հայտ ներկայացնել և ներկայացրել են, մասնակցում են», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Ադրբեջանը անկախացումից ի վեր երրորդ անգամն է Հայաստանում մրցաշարի մասնակցում։ 2009-ին Ձյուդոյի երիտասարդական առաջնությանը նրանք այստեղ չեմպիոն են ունեցել։ Հաջորդ անգամ էլ 2014-ին Ադրբեջանի նետաձգության հավաքականն է Հայաստանում եղել։

Երեք անգամ էլ հայաստանցի մարզիկներն են Ադրբեջանում մարզական իրադարձությունների մասնակցել։

Մարզական այս ստուգատեսին Հայաստանը ներկայանում է երկու տասնյակ ծանրորդներով, պատասխանատուները բարձր արդյունքներ են ակնկալում։

Հայաստանը հայտ է ներկայացրել հաջորդ տարի հյուրընկալել նաև ծանրամարտի աշխարհի առաջնությունը, նման ցանկություն ունեն 4 այլ պետություններ ևս։ Եվրոպայի առաջնության բացման արարողությունը վաղն է, պատասխանատուներն ասում են՝ ճոխ միջոցառում է լինելու, առաջնության կազմակերպումը շուրջ 3 միլիոն դոլար է արժեցել։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով՝ միջազգային հետարքրությունը մեծ է. - «Այնքան նորություն ենք առաջարկել, որ օրինակ՝ «Եվրոսպորտի» պես ընկերությունը երբեք բացման արարողություն որպես այդպիսին չի ցուցադրել ծանրամարտի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության։ Հիմա անգամ «Օլիմպիկ» channal-ի վրա է լինելու, որ ինքը մեր ազդանշանը ստանալու է, և շատ երկրներ ցույց են տալու, այսինքն՝ մենք իսկապես նորաձևություն ենք թելադրում այս ոլորտում»։

Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրներ, այդ թվում՝ Թուրքիայի հավաքականը։ Մրցաշարը կավարտվի ապրիլի 23-ին։

XS
SM
MD
LG