Մատչելիության հղումներ

Մեծ հավանականությամբ՝ այո, Ադրբեջանը գալու է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը. Կարեն Գիլոյան


Ապրիլին 15-ին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։ Հարևան երկիրը նախնական հինգ մարզիկի է հայտավորել։ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան պարզաբանում է՝ հայտը դեռ պետք է հաստատեն, իսկ այդ գործընթացը դեռ չի մեկնարկել։

Հայաստանի սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը պարզաբանմամբ՝ մնացել են տեխնիկական հարցերը. - «99 տոկոսով այո, բայց էնտեղ ամսվա վերջ մուծումներ կան միջազգային ֆեդերացիային։ Եթե էդ մուծումները չարվեն, կնշանակի, որ չեն գալու։ Բայց մեծ հավանականությամբ՝ այո, Ադրբեջանը գալու է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»։

Կպահանջի՞ արդյոք ադրբեջանական կողմն անվտանգության հատուկ պայմաններ։ Այս առնչությամբ Կարեն Գիլոյանն ասաց. - «Առայժմ իրենք չեն կապվել Եվրոպայի ֆեդերացիայի հետ, որևէ հատուկ պահանջ չեն ներկայացրել։ Մեր առջև առայժմ այդպիսի խնդիր դրված չէ։ Իսկ Հայաստանը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ բոլոր հավաքականների անվտանգությունը պիտի ապահովի»։

Անցած տարի Երևանում անցկացված բռնքամարտի առաջնությանը Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել։ Իսկ հայ մարզիկները Ադրբեջանում անցկացված մրցաշարին վերջին անգամ մասնակցել են 2015-ին։ Եվրոպական խաղերին ըմբիշ Միհրան Հարությունյանը Բաքվում փոխչեմպիոն դարձավ։

Սպորտի փոխնախարարը, որ այն ժամանակ մարզական լրագրող էր ու մեկնել Ադրբեջան, հիշում է՝ մթնոլորտը լարված էր, բայց իրենց անվտանգությունն ապահովել էին, հայ մարզիկները խնդիրներ չունեցան. - «Այո, եղել են շփումներ, բայց ընդամենը՝ մարզիկ, մարզիչ։ Քաղաք դուրս չեն եկել, բնականաբար, մեր մարզիկները, շարքային քաղաքացիների հետ չեն շփվել»։

Հայ մարզիկները Բաքու մեկնել էին նաև 2007-ին՝ մասնակցելու ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, մեկ անգամ էլ 2011-ին՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը։

Եթե հայտը վերջնականապես հաստատվի, ապա Ադրբեջանը անկախացումից ի վեր երրորդ անգամ Հայաստանում մրցաշարի կմասնակցի, ասում է սպորտի փոխնախարարը։ 2009-ին Ձյուդոյի երիտասարդական առաջնությանը նրանք այստեղ չեմպիոն են ունեցել։

Հաջորդ անգամ ադրբեջանցի մարզիկները այստեղ եղել են 2014-ին՝ նետաձգության Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը պատմում է՝ հարևան երկրի ներկայացուցիչները եկան Վրաստանից, հայկական կողմի անվտանգային հատուկ հսկողությամբ. - «Տեղավորեցինք հյուրանոցում, իրանց պահանջները սաղ կատարեցինք, որ իրանք էին պահանջել, իրանց պետությունը։ Ու մրցումներն անցկացրինք, ու ոչ մի պրոբլեմ չի էղել։ Ամեն ինչ լավ, առանց մի որևէ ավելորդ ինչ-որ պրոբլեմների։ Ամեն ինչ տեղը տեղին, ոնց ծրագրավորված ա էղել, նենց էլ անց ենք կացրել»։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար։ Հաջորդ ամիս Հայաստան կժամանեն ավելի քան 500 մարզիկներ եվրոպական չորս տասնյակ երկրներից։ Մրցաշարը կավարտվի ապրիլի 23-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG