Ռուսաստանում բանտարկված ընդդիմադիր առաջնորդ, նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ քննադատ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը նորից վատթարացել է:
Ըստ նրա խոսնակ Կիրա Յարմուշի, բանտում Նավալնիի մոտ առեղծվածային հիվանդություն է սկսվել: Նա ընդամենը երկու շաբաթում մոտ 8 կիլոգրամ քաշ է կորցրել:
Յարմուշը չի բացառում, որ Նավալնուն գուցե նորից թունավորել են՝ այս անգամ դանդաղ գործող ինչ-որ նյութով:
«Նրա հետ շփում հաստատել չափազանց դժվար է, փաստաբանն ասել է, որ Նավալնիի համար շտապօգնություն են կանչել, քանի որ նա ստամոքսի անտանելի ցավեր է ունեցել: Դա, մեղմ ասած, զարմանալի է, որովհետև նախկինում նա երբեք ստամոքսից չի գանգատվել»,- նշել է Յարմուշը:
Նրա փոխանցմամբ, Նավալնին ոչինչ չի ուտում, քանի որ չունի սնունդով հանձնուքներ ստանալու կամ բանտի խանութում պարեն գնելու իրավունք:
Նավալնիի աջակիցները չեն բացառում, որ իշխանությունը ցանկանում է նրան բանտում մահվան հասցնել: