Սահմանի հսկողությունը սահմանապահ ծառայությանը հանձնելը, Հայաստանի արտգործնախարարի կարծիքով, էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում՝ Հայաստանի տարածք ադրբեջանական նոր ներխուժումների հավանականությունը:
Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց. սա խաղաղության պայմանագրի նախագծի հայկական կողմի առաջարկներից մեկն է։ Այդուհանդերձ, անպատասխան մնաց հարցը՝ արդյո՞ք սա նոր ռիսկեր չի առաջացնի՝ հաշվի առնելով վերջին դեպքը, երբ ադրբեջանցիները հեշտությամբ առաջացան Հայաստանի ինքնիշխան տարածքի Սյունիքի հատվածում։
«Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ։ Իրականում մենք հրապարակավ էլ նախկինում էլ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը։ Այս պահին էլ քննարկվում է։ Եվ կարող եմ նաև փոքր-ինչ գաղտնիք բացել՝ դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է, առնվազն մեր առաջարկների տեսքով», - նշեց Միրզոյանը։
Բանակի ստորաբաժանումները սահմանապահներով փոխարինելու մասին շաբաթներ առաջ խոսել էր վարչապետը։ Բայց ո'չ Փաշինյանը, ո'չ էլ այսօր Միրզոյանը չեն ասում, թե արդյոք Բաքուն ևս պատրաստ է այս քայլին։
Արտգործնախարարը միայն ընդգծեց՝ այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ կա, որը, ըստ նրա, արդյունավետ է գործում. - «Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ։ Ես նշեցի, որ մենք բանակցում ենք, օրինակ, էդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև, բանակցություններին զուգահեռ, մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը շարունակում է իր անթաքույց քաղաքականությունը ուժի գործադրման, և երբ որ գետնի վրա ուժը չի կիրառում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները, խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը։ Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում և զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում և բանակցությունների ընթացքում քննարկումներում»։
Միրզոյանի խոսքով, այդուհանդերձ, բանակի փոխարինումը սահմանապահներով վերջնական կարգավորումների մաս պետք է լինի: Խաղաղության պայմանագրից այլ մանրամասներ նա չփոխանցեց։ Հայաստանի արտգործնախարարն այս մասին այսօր խոսեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսում։
Մենք կօգնենք կողմերին օգտագործել բանակցությունների սեղանը և ոչ թե մարտի դաշտը. ԵԱՀԿ գործող նախագահ
Բաքվից Երևան ժամանած Բույար Օսմանին ընդգծեց, որ այսօրվա անորոշության դարաշրջանում ինքը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պատրաստ է ներդնել իր բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության ուղիներ գտնելու համար։ Մասնավորապես՝ օգնել բոլոր կողմերին օգտագործել բանակցությունների սեղանը և ոչ թե մարտի դաշտը։ - «Ես կշարունակեմ քաջալերել բոլոր կողմերին հիմնվել երկխոսությունների և բանակցությունների վրա, այլ ոչ թե ոչ ուժի և հարկադրման։ Քաջալերում եմ անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը»։
Երեկ Բաքվում Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը իր հրապարակային խոսքում Լաչինի միջանցքին չէր անդրադարձել։ Դրա նախորդ օրը, սակայն, Վրաստանում եղել էր Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Օձիսի անցակետում ու անընդունելի էր համարել, որ որ 21-րդ դարում «բաժանարար պատ» կա, մտահոգվել, որ մարդկանց տեղաշարժի ազատությունն ամբողջությամբ արգելափակված է, հարազատները բաժանված են։
Այսօր Երևանում ԵԱՀԿ նախագահին հիշեցրեցինք, որ 120 հազար արցախցի փաստացի նույն վիճակում է, քանի որ Ադրբեջանը չորս ամիս է, փակ է պահում Արցախը աշխարհին կապող միակ ճանապարը։ ԵԱՀԿ-ն ի՞նչ մանդատով է պատրաստվում վերականգնել արցախցիների ոտնահարված իրավունքները։
Օսմանին պատասխանեց. - «Օգնել մարդկանց՝ հենց տեղում հաշտեցում բերելով։ Մենք ուզում ենք մարդակենտրոն համանախագահություն ունենալ, մարդկանց մոտեցնել, վերացնել նրանց ցավն ու բեռը։ Ես հասկանում եմ ձեր հարցի մեջ դուք ինչ նկատի ունեք Լաչինի միջանցքի հետ կապված։ Ես երեկ Բաքվում այս հարցը բացել եմ և մի շարք մարդասիրական խնդիրներ բարձրացրել։ Այսօր ևս այս հարցին անդրադառնալու եմ՝ հասկանալու արդյո՞ք կա կամուրջների կառուցման հնարավորություն այս երկու երկրների միջև»։
Բաքուն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը՝ պնդելով, որ ղարաբաղյան հարցը լուծված է։ Արարատ Միրզոյանն այսօր էլ հակադարձեց՝ թեև համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է, ձևաչափը գոյություն ունի։ Օսմանին էլ համաձայնեց, ու հավելեց, թե Մինսկի խմբից բացի, ԵԱՀԿ-ն ունի մի շարք այլ գործիքներ՝ խաղաղության հասնելու համար։
ԵԱՀԿ գործող նախագահը այլ մանրամասներ չփոխանցեց՝ ասելով միայն, որ ինքը սեփական երկրի օրինակով գիտի, թե ինչ բարդ իրավիճակում են գտնվում հակամարտող հարևանները։
Օսմանին այսօր Երևանում հանդիպել է նաև Հայաստանի վարչապետի ու քաղահասարակության ներկայացուցիչների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու ԵԱՀԿ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր