Հայ - ադրբեջանական սահմանին արյունալի ռազմական բախումների ֆոնին տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։
Բարձրաստիճան դիվանագետի այցի նպատակը Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ ԵԱՀԿ համագործակցության ամրապնդումը, անվտանգության առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասում երկխոսության միջոցով խաղաղության և կայունության խթանումն է, հայտնում է ԵԱՀԿ-ի կայքը։
Օսմանիի առաջին կանգառը Վրաստանն է, որտեղ նախօրեին նա մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարների՝ վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Թբիլիսիից ԵԱՀԿ գործող նախագահն ուղևորվել է Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Օձիսի անցակետ՝ ծանոթանալու փշալարարերով բաժանված տարածաշրջանում տիրող իրավիճակին։
«Տխուր և անընդունելի է, որ 21-րդ դարում Օձիսիում «բաժանարար պատ» կա», - Թվիթերում հրապարակած տեսանյութում մասնավորապես հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը։
Հյուսիսմակեդոնացի պաշտոնյան պնդել է՝ ստեղծված իրավիճակը հակասում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին և քաղաքակրթական իդեալներին, մարդկանց ազատ տեղաշարժը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, պետք է վերականգնվի։
ԵԱՀԿ մամլո ծառայության փոխանցմամբ, կառույցի գործող նախագահն այսօր և վաղը կայցելի նաև Բաքու և Երևան՝ հանդիպելու Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Բույար Օսմանին անցած շաբաթներին առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ասել, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, իր մտահոգությունը հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա դրա ազդեցության վերաբերյալ և կոչ արել բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և կառուցողական երկխոսություն սկսել:
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու և Երևան այցը, սակայն, տեղի է ունենում ուղիղ չորս ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակման, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին։
Տե՛ս նաև այստեղ