Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան - Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծից, և այդ գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանը։
«Կարծում եմ՝ կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծում է 1991 թվականի սահմանագիծը։ Խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա- Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի, արձանագրվել է Եվրամիության հայտարարության մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի սահմանին դիտորդներ տեղակայած Եվրամիությունը ափսոսանք էր հայտնել Տեղ գյուղում տեղի ունեցած բախման կապակցությամբ ու հայտարարել, որ 91 թվականի սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի ետ քաշումը ապահով հեռավորության վրա թույլ կտա խուսափել բախումներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում թյուր պատկերացումներ կան ԵՄ առաքելության հնարավորությունների վերաբերյալ․ քաղաքագետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը ԵրևանԱյսօր Փաշինյանն ասաց, որ Եվրամիության առաջարկի վերաբերյալ Հայաստանն իր դիրքորոշումը հայտնում է 2021 թվականից. - «Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է գերիների ազատ արձակման հարցում: Այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում»։
Սահմանային գծից զորքերի հետ քաշման առաջարկը խաղաղության պայմանագրի նախագծի հայկական կողմի առաջարկներից մեկն է. Միրզոյան
Սահմանային գծից զորքերի հետ քաշման առաջարկը խաղաղության պայմանագրի նախագծի հայկական կողմի առաջարկներից մեկն է, այսօր բացահայտել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ առանց այլ մանրամասների։
Միջադեպից առաջ հայկական կողմը փորձում էր տեղակայել սահմանապահների. Փաշինյան
Մինչ այդ Փաշինյանը հայտնում է, որ Տեղ գյուղի սահմանին երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպից առաջ հայկական կողմը փորձում էր տեղակայել սահմանապահների, երբ ադբեջանական կողմը դիմել է սադրանքի։ Ինչո՞ւ սահմանի այդ հատվածում հայկական կողմը սկսեց ամրացման աշխատանքներ կատարել միայն ադրբեջանցիների Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո։ Վարչապետն այսօր էլ կրկնեց, թե իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի։
«Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ, իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի կարգավիճակի հնարավորությունը փակ է, ինքներս մեզ չխաբենք. Վարդան ՀարությունյանԽոսել սահմանապահ զորքի տեղակայման մասին ուղղակի աբսուրդ է. Աննա Գրիգորյան
Երկու երկրներն այս պահին փաստացի պատերազմի մեջ, Բաքուն հայտարարում է, թե Սյունիքն «Արևմտյան Զանգեզուր» է, այս պայմաններում սահմանին զորքի՞, թե՞ սահմանապահ ծառայության կարիք կա, հարց է բարձրացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Նման համատեքստում ընդհանրապես խոսել սահմանապահ զորքի տեղակայման մասին ուղղակի աբսուրդ է», - ասաց նա։
Բացի այդ, պատգամավորը նկատում է, որ թեև հայկական կողմից փորձ եղել է սահմանի տարբեր հատվածներում սահմանպահ զորք տեղակայելը, սահմանի մյուս կողմում նույնը չի արել Ադրբեջանը. - «Եվ հայկական կողմն էլ չնայած նրան, որ ասում էր՝ սահմանապահ զորք պետք է լինի իր մասում, հասկացավ, որ դա չի աշխատելու, և այս պահին զինված ուժերն են այնտեղ գործողություններ իրականացնում, այսինքն՝ նույնիսկ այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ սահմանապահ զորքի տեղակայումը հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը և փաստացի հողի վրա իրականացվող ագրեսիան»։
Տեղ գյուղի տարածքում տեղի ունեցած ռազմական բախման մասին Եվրամիությունից բացի հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարարությունը, ընդգծել, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և շփման գծի հայկական կողմից դուրս բերել ադրբեջանական ուժերը։ Բաքուն այս հայտարարությունը շտապել է որակել միակողմանի։
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն, իր հերթին, հայտարարել է, որ վեճերը լուծման նպատակով ուժի կիրառումն անընդունելի է։