Հայ - ադրբեջանական սահմանին արյունալի ռազմական բախումների ֆոնին տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։
Բարձրաստիճան դիվանագետի այցի նպատակը Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ ԵԱՀԿ համագործակցության ամրապնդումը, անվտանգության առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասում երկխոսության միջոցով խաղաղության և կայունության խթանումն է, հայտնում է ԵԱՀԿ-ի կայքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Վրաստան, Ադրբեջան և ՀայաստանՕսմանիի առաջին կանգառը Վրաստանն է, որտեղ նախօրեին նա մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարների՝ վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Թբիլիսիից ԵԱՀԿ գործող նախագահն ուղևորվել է Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Օձիսի անցակետ՝ ծանոթանալու փշալարարերով բաժանված տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Գրեթե չորս տարի է Վրաստանի և Հարավային Օսիայի փաստացի սահմանին գտնվող Ախալգորիի շրջանի բնակիչները՝ հիմնականում էթնիկ վրացիներ, մեկուսացման մեջ են։ Հարավային Օսիայի իշխանություններ փակել են շրջանը Վրաստանին կապող միակ ճանապարհը՝ ի պատասխան վրացական իշխանությունների կողմից սահմանի այլ տեղերում ոստիկանական անցակետերի տեղադրման։
«Տխուր և անընդունելի է, որ 21-րդ դարում Օձիսիում «բաժանարար պատ» կա», - Թվիթերում հրապարակած տեսանյութում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ շարունակելով․ - «Այս շրջանում մարդկանց տեղաշարժի ազատությունն ամբողջությամբ արգելափակված է։ Նրանք հնարավորություն չունեն այցելելու իրենց հարազատներին, ընկերներին, օգտվելու գյուղատնտեսական տարածքներից։ Նրանք զրկված են անգամ իրենց կրոնական վայրեր այցելելու հնարավորությունից»։
Հյուսիսմակեդոնացի պաշտոնյան պնդել է՝ ստեղծված իրավիճակը հակասում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին և քաղաքակրթական իդեալներին, մարդկանց ազատ տեղաշարժը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, պետք է վերականգնվի։
ԵԱՀԿ մամլո ծառայության փոխանցմամբ, կառույցի գործող նախագահն այսօր և վաղը կայցելի նաև Բաքու և Երևան՝ հանդիպելու Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Բույար Օսմանին անցած շաբաթներին առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ասել, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, իր մտահոգությունը հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա դրա ազդեցության վերաբերյալ և կոչ արել բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և կառուցողական երկխոսություն սկսել:
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու և Երեւան այցը, սակայն, տեղի է ունենում ուղիղ չորս ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակման, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին։ Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ, վեց վիրավոր: Բաքուն հայտնել է իր 3 զոհի մասին՝ իրավիճակի լարման մեջ կրկին հայկական կողմին մեղադրելով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցներ Տեղ գյուղի հատվածում. հայկական և ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի և վիրավորների մասին