Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, ժամը 8-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի», - ասված է հաղորդագրությունում:
Երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա՝ 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Նախարարությունը խոստանում է իրադրության ցանկացած փոփոխության դեպքում հանդես գալ հաղորդագրությամբ:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը երեկ տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է, հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին:
Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար: