Խորհրդարանն այսօր քննարկեց մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածուի հարցն ու քվեարկեց, բայց արդյունքները չհրապարակվեցին։ Սահմանային լարվածության պատճառով Ազգային Ժողովն ընդհատեց իր աշխատանքը։
Առավոտյան սկսված ու ավելի քան երեք ժամ տևած քննարկումը թեժ մթնոլորտում անցավ։ Իշխանականները խոսում էին իրենց առաջադրած թեկնածուի՝ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի առավելություններից, պնդում, որ ճիշտ ընտրություն են կատարել։ Մինչդեռ ընդդիմադիրները հակադարձում էին՝ համոզիչ չեն Մանասյանի պնդումները, թե քաղաքականացված չի լինելու ու բոլորին է պաշտպանելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անահիտ Մանասյանն առաջադրվեց ՄԻՊ թեկնածու«Սա ինձ համար պաշտոն չէ, այն պատասխանատվություն և առաքելություն է, և այն ստանձնում եմ շատ մեծ ու բարձր պատասխանատվությամբ։ Միանշանակ հանձնառու եմ փորձել, ձգտել ամեն ինչ անել այդ առաքելությունը մինչև վերջ հասցնելու և այս ոլորտը որևէ պատշաճ մակարդակի կատարելագործելու նպատակով», - իր խոսքում ասաց թեկնածուն։
34-ամյա Մանասյանն իրավաբան է, Գլխավոր դատախազությունում աշխատանքի է անցել ընդամենը չորս ամիս առաջ, նախկինում նաև Սահմանադրական դատարանում է աշխատել։ Խորհրդարանի ամբիոնից Մանասյանը հավաստիացնում էր, թե ամեն ինչ անելու է ատելության, բռնության մթնոլորտը ցրելու և համերաշխության միջավայրում հարցերը լուծելու համար։
Իշխանականներից Վիգեն Խաչատրյանն ասաց՝ Մինասյանի խոսքերն է'լ ավելի ամրապնդեցին իրենց տեսակետը, որ ճիշտ մարդու են հանձնում պաշտպանի կառույցը. - «Դատախազությունում աշխատանքի որ ոլորտներն եք համակարգել, որը կրկին անգամ փաստում է, որ Դուք ուղղակի առնչություն ունեք այն բնագավառի հետ, որում պետք է հանդես գաք ապագայում։ Գնալով մենք համոզվում ենք, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, հատկապես երբ պատասխանում եք ընդդիմության հարցերին», - ասաց Խաչատրյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխող թիմի առաջադրած ՄԻՊ թեկնածուն չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին. ընդդիմադիր պատգամավորԸնդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էր հարցնում թեկնածուին՝ ինչպե՞ս կարող է պաշտպանել մարդու իրավունքները, եթե կաշկանդվում է նիստերի դահլիճում նստած իր անմիջական ղեկավարից՝ գլխավոր դատախազից ու իշխանականներից. - «Էս ձևով մենք Մարդու իրավունքների պաշտպանի կառույցը վերածում ենք դատախազությանը կից կառույցի, դուստր ձեռնարկության»։
Ընդդիմադիրներն ասում էին՝ Մանասյանի մի քանի հայտարարություններ, այդ թվում կոնկրետ հարցերին ընդհանրական գնահատականներ տալը, է'լ ավելի հաստատեց իրենց տեսակետը՝ գլխավոր դատախազի տեղակալը չի կարող մարդու իրավունքները պաշտպանել։
«Հայաստանի» դաշինքից Գեղամ Մանուկյանին զայրացրել էր հատկապես Մանասյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Մանասյանը վկայակոչեց միջազգային կառույցների զեկույցները։ Շաբաթներ առաջ մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում է նշված, որ չկան արժանահավատ տեղեկություններ Հայաստանում քաղաքական բանտարկյալների մասին։
«Քաղբանտարկյալ ո՞նց չկա։ Մի հատ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ գնացեք ու ասեք՝ ուզում եմ տեսնել Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։ Մարդը մի տարուց ավել նստած է, դատեր էլ չեն լինում։ Մամիկոն Ասլանյանը մինչև հիմա նստած է, որովհետև իշխանության գործարքը մերժել է»։
Մինչ Մանասյանը հակադարձում էր, թե այս պահին խնդիրներին կարող է անդրադառնալ ընդհանրական, բայց պաշտպանի լիազորությունները ստանձնելուն պես կիրառելու է բոլոր գործիքները և չի կաշկանդվելու, ընդդիմադիրները շարունակում էին հակադարձել կոնկրետ հարցերով։
Աննա Գրիգորյանն, օրինակ, առաջարկեց մի վարժություն անել՝ հիշեցնելով, որ երբ Մանասյանի ներկայիս ղեկավարը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչապետի օգնականն էր, քրեական գործում խմբագրումներ ու շտկումներ էր արել։ Սակայն քննությունից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր, քանի որ քննիչի գործողություններին ապօրինի ներգործության հանգամանքը չէր հիմնավորվել. - «Հիմա եղել է կոնկրետ միջամտություն նախաքննությանը։ Ձեր վերաբերմունքը, խնդրում եմ, այդ կոնկրետ դրվագին, որն իրականացվել է գործող գլխավոր դատախազի կողմից»։
Թեկնածուն պատասխանեց՝ կա դատական ակտ, և որևէ քաղաքացի կաշկանդված է այս հարցի վերաբերյալ կարծիք հայտնել. - «Այդ հարցի վերաբերյալ գոյություն ունի կայացված հստակ դատական ակտ, որը ըստ էության չի կարող որևէ մեկիս կողմից կասկածի տակ դրվել։ Այսինքն՝ ես և բոլոր այլ հանրային պաշտոնյաները առաջին հերթին, քանի որ նրանք կաշկանդված են դատարանների, դատական ակտերի նկատմամբ հարգանքի մթնոլորտ ձևավորելու այդ առաքելությամբ»։
Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը հարցրեց. - «Գլխավոր դատախազի տեղակալի ներկայությամբ տեղի է ունեցել վիրավորանք, սպառնալիք։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի գլխավոր դատախազի տեղակալի և Մարդու իրավունքների ապագա պաշտպանի վարքագիծը»։
Մանասյանի արձագանքը կարճ էր. - «Պատասխանում եմ միայն այն հարցերին, որոնց շրջանակներում էթիկայի կանոնները և վարքագծի պահպանված են»։
Մանասյանն այդպես էլ կոնկրետ գնահատական չտվեց անցած շաբաթ պաշտպանի ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի հարցով հանձնաժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին։ Իշխանականները վիրավորանքներ էին հնչեցրել Ղազարյանի հասցեին, սպառնացել նրան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱԺ-ում փողոցային վարքագիծ էր, ՔՊ-ն իրեն վատ է պահում». իրավապաշտպան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱԺ-ում փողոցային վարքագիծ էր, ՔՊ-ն իրեն վատ է պահում». իրավապաշտպանԻշխանականները հակադարձում էին՝ Մանասյանը ներկա չի եղել Էդգար Ղազարյանի միջադեպին, ինչպե՞ս կարող է արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԿ-ները ՔՊ-ից պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովումՄանասյանն այսօր նաև կոնկրետ գնահատական չտվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքի մասին հարցերին, երբ իրեն դավաճան անվանելուց հետո վերջինս ենթադրաբար թքել էր դաշնակցական տղամարդու դեմքին։ Ասաց միայն՝ դեմ է բռնությանն ու ատելության խոսքին, գալիս է նոր պաշտոնի, որ ձևավորի նոր՝ համերաշխության միջավայր։
Իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ամփոփեց թեման; - «Տիկին Մանասյանը ստիպեց մեզ վերահաստատել մեր դիրքորոշումը և համոզմունքը, որ մենք ճիշտ թեկնածու ենք առաջադրել այս կարևոր պաշտոնի համար»։
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով, իշխանականների ձայները բավարար են առանց ընդիմության աջակցության Մանասյանին ընտրելու համար։