Ավելի քան մեկ տարի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող Թեղուտի հանքավայրն այսօր վերսկսել է աշխատանքը, բայց առանց հեռանկարի, թե վերագործարկումը երկարատև կլինի։ «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են, թե «հանքաքարի արդյունահանման և վերամշակման աշխատանքը նախատեսում են իրականացնել մինչև մայիսի 10-ը՝ մեկ ամիս», որից հետո որոշում կկայացնեն «այդ պահի դրությամբ աշխարհում ստեղծված իրավիճակից ելնելով», նշել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն։
Անցած տարի արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ՎՏԲ բանկին պատկանող ընկերությունը փակվելիս հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի և պատժամիջոցների հետևանքով արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունեն։ Այսօր գրավոր տեղեկացրել են, որ առաջացած խոչընդոտները վերացված չեն, «եվրոպական և ամերիկյան իրացման շուկան իրենց համար դեռևս փակ է»:
«Ընկերությունն ունեցել է և ունի պատրաստի արտադրանքի իրացման, հաճախորդներին հասցնելու նոր լոգիստիկ շղթաների ստեղծման հետ կապված դժվարություններ: Դեռևս աշխատում ենք նոր գնորդների հետ պայմանագրային հարաբերությունների ձևավորման շուրջ», - «Ազատությանը» հայտնել է «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենն առանց հստակեցնելու, թե որ շուկաներում են փորձում նոր գործընկերներ գտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թեղուտ»-ը 2 շաբաթով դադարեցնում է աշխատանքը, պատժամիջոցների հետևանքով ընկերությունն արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թեղուտ» ընկերությունը ևս մեկ ամսով երկարացրել է հարկադիր պարապուրդըՆոր գնորդներ գտնելու փորձերի մասին ընկերության տնօրենն «Ազատությանն» ասել էր նաև անցած տարի ամռանը։ Փաստորեն մինչ այսօր ընկերությունն այդ ուղղությամբ նոր հնարավորություններ չի գտել։
Մեկ տարի առաջ, երբ կանգ առավ ընկերությունը, 1100 աշխատող ուներ։ Այս ամիսներին նրանք վճարվել են աշխատավարձի 2/3-ի չափով։ Լրիվ աշխատավարձ ստացել են միայն տարածքի պահպանությամբ զբաղվող աշխատակիցները։ Ընկերությունից տեղեկացրին նաև, որ անցած մեկ տարում 100 աշխատող ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։
Թեղուտի ու հարակից բնակավայրերի բնակիչների մեծ մասի եկամտի աղբյուրը հանքավայրում աշխատատեղն է։ 2008-ին հանքավայրի շահագործումից հետո շատերը զրկվեցին իրենց հողատարածքներից, թողեցին գյուղատնտեսությունն ու աշխատանքի անցան ընկերությունում։ Առաջիկա մեկ ամսում ընկերությունը կաշխատի 1000 աշխատողով։ Թե ինչ կլինի դրանից հետո, դեռ պարզ չէ։
Թեղուտի հանքն ու ֆաբրիկան ռուսական ՎՏԲ բանկին էին անցել 2018-ին, երբ պարզվել էր, որ նախկին սեփականատեր «Վալլեքս գրուպը» չի կարողանում վերցրած վարկերը մարել։ Պարտքի դիմաց վարկատու բանկն առգրավել էր ընկերությանը պատկանող հանքավայրն ու ֆաբրիկան։ Գլխավոր տնօրեն Նալիվայկոն «Ազատությանը» տված հարցազրույցներում ասում էր, որ մտադիր են վաճառել ընկերությունը, քանի որ «բանկը չի կարող հանք շահագործել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թեղուտ»-ում մտադիր են դատի տալ ամերիկյան խորհրդատվական ընկերության ներկայացուցչինԱնցած տարի էլ լուրեր կային, թե հանքը վաճառվում է, նոր գնորդններ են ի հայտ եկել, բայց այսօր ընկերությունից ասացին, որ ո՛չ սեփականատիրոջ, ո՛չ էլ գլխավոր տնօրենի փոփոխություն չի եղել։
Թեև անցած տարի ընկերությունն ընդամենը երկուսուկես ամիս է աշխատել, բայց շարունակում է մնալ ամենախոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում։ Անցած տարվա տվյալներով այդ ցանկում 14-րդն էր։ Նախորդ տարի ամբողջ ծավալով աշխատելու պայմաններում 10-րդն էր։