Մատչելիության հղումներ

«Թեղուտ»-ը 2 շաբաթով դադարեցնում է աշխատանքը, պատժամիջոցների հետևանքով ընկերությունն արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունի


Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ՎՏԲ բանկին պատկանող «Թեղուտ» ընկերությունը դադարեցնում է պղնձամոլիբդենային հանքավայրի և հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը։ Ընկերությունը, որ Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում 10-րդն է, երկշաբաթյա դադարի համար տեխնիկական պատճառներ է նշում, սակայն նաև չի թաքցնում, որ ռուս- ուկրաինական պատերազմի և պատժամիջոցների հետևանքով արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունի։

Աշխատանքի դադարի մասին «Ազատությանը» հայտնել էին ընկերության աշխատակիցները։ Հանքի ղեկավարությունը աշխատողների մեծ մասին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից երկու շաբաթով հարկադիր պարապուրդի են գնում, որի դիմաց կվճարվեն աշխատավարձի երկու երրորդի չափով։ «Ազատությանն» այս մասին հայտնած մի քանի աշխատակիցները, սակայն, հրաժարվեցին հարցազրույցից, նշելով, թե անորոշ վիճակում են և չգիտեն՝ ինչ կսպասվի իրենց պարապուրդից հետո։

Երկու օրից հարկադիր պարապուրդի գնացող աշխատակիցներն ասում են՝ ղեկավարությունից ստացած տեղեկություններով դադարի պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն ու ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցներն են։ Մինչդեռ այսօր «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն «Ազատությանը» տված գրավոր պատասխանում հայտնել է, որ «պոչամբարի պատվարի ամրացման և խողովակաշարի ուժեղացման» նպատակով են դադարեցնում հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը։

Ընկերության ղեկավարն ուղիղ չի պատասխանել, թե արևմտյան պատժամիջոցներն ինչպես են անդրադարձել ռուսական բանկի ենթակայությամբ գործող այս ընկերության վրա, որն, ըստ էության, իր պղնձամոլիբդենային խտանյութի ողջ ծավալն արտահանում է Եվրոպա։ Ընկերությունը խուսափել է պատասխանել նաև հարցին՝ արդյո՞ք եվրոպական իրենց գործընկերները խզել են պայմանագրերը, կամ որքան կլինեն «Թեղուտ» ընկերության կորուստները` սրանք համարելով առևտրային գաղտնիք։

«Պատրաստի արտադրանքի իրացման պայմաններն ու կարգը, ընկերության ֆինանսական վիճակը հանդիսանում են ընկերության առևտրային գաղտնիք և ենթակա չեն մեկնաբանման», - հայտնել է Նալիվայկոն։

Բայց 2018 թվականին ռուսական ՎՏԲ բանկի ենթակայությանն անցած ընկերության գլխավոր տնօրենն անուղղակի ասել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում արտադրանքն սպառողին հասցնելու խնդիրներ ունեն. «Ընկերությունը նախատեսում էր այս տարվա մայիս-հունիս ամիսներին դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը և իրականացնել նշված աշխատանքը։ Բայց աշխարհում քաղաքական-տնտեսական իրավիճակի պատճառով խախտվել է արտադրական ապրանքների՝ սպառողներին մատակարարելու լոգիստիկ շղթան, այդ պատճառով այն պետք է վերակառուցել»։

Ընկերության գլխավոր տնօրենն իր գրավոր պատասխանում նաև շեշտել է, թե «ֆինանսական գործառույթների իրականացման հետ կապված խնդիրներ չունեն»։

Երկուսուկես տարի առաջ վերագործարկելով հանքավայրը` ընկերության նոր ղեկավարները մշտապես հերքում էին պնդումները, թե պոչամբարի պատվարը ճեղք ունի, և փլուզման վտանգ կա։ Դեռ 2019-ի ամռանը գլխավոր տնօրեն Նալիվայկոն «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր՝ պոչամբարը տեխնիկական խնդիրներ չունի։

«Եթե ճեղք կա, դա պետք է լինի։ Այն ոչ ոք չի տեսել, պարզապես չկա», - ասել էր նա։

Այսօր, սակայն, ընկերության ղեկավարությունն առանց մանրամասնելու նշում է, որ գործունեությունը դադարեցնում է պոչամբարի պատվարն ամրացնելու համար։

Թեղուտի հանքն ու ֆաբրիկան 2018-ի հունվարից ռուսական ՎՏԲ բանկին են պատկանում։ Նախկին սեփականատեր «Վալլեքս գրուպը» 2015 թվականին խոշոր վարկ էր վերցրել ՎՏԲ-ից բավական բարձր՝ 9 տոկոս տոկոսադրույքով, պարտավորվել էր գործունեության երրորդ տարուց սկսած մարել վարկը, սակայն, վճարումներ այդպես էլ չէր արել։ 2018 թվականի հունվարին ընկերության արդեն նախկին ղեկավարները հայտարարեցին, որ դադարեցնում են գործունեությունը և 1200 աշխատողներին մի քանի ամիս հարկադիր պարապուրդի մեջ պահելուց հետո ազատեցին աշխատանքից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարկատու բանկն առգրավել է ընկերությանը պատկանող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն ու հարստացուցիչ ֆաբրիկան։ մեկուկես տարի անց ՎՏԲ-ն հանքարդյունաբերական ընկերության կառավարումը հանձնեց ռուսաստանաբնակ գործարարներին պատկանող մի ընկերության։ Գլխավոր տնօրեն նշանակվեց նախկինում Ռուսաստանի հանքարդունաբերական ընկերություններում աշխատած Վլադիմիր Նալիվայկոն։

Ընկերությունը հայտարարում է, որ այս պահին ունի 1100-ից ավելի աշխատող և արտադրում են տարեկան մոտ 90 հազար տոննա պղնձի և մոլիբդենի խտանյութ։ Անցած տարվա տվյալներով` խոշոր հարկատուների ցանկում 10-րդ տեղն զբաղեցրած «Թեղուտը» ավելի քան 15 միլիարդ դրամի կամ մոտ երեսուն ու կես միլիոն դոլարի հարկ է վճարել պետությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG