Մատչելիության հղումներ

«Կախված է աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակից». «Թեղուտի» աշխատանքը դեռ դադարեցված է


Լոռիում, ուր ըստ պաշտոնական տվյալների, յուրաքանչյուր հինգերորդն աշխատանք չունի, փակման վտանգի տակ է ավելի քան հազար աշխատատեղ: Չորս ամիս է` ռուսական ՎՏԲ բանկին պատկանող «Թեղուտ»-ի հանքավայրը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:

Ընկերությունից դեռ չեն հայտնում՝ երբ հնարավոր կլինի վերագործարկել պղնձամոլիբդենային հանքավայրն ու ֆաբրիկան։

«Դա կախված է աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակից», - այսօր «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն։

Ապրիլից՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներից հետո կանգ առած ընկերությունը մինչ օրս 1100 աշխատողների մեծ մասին վճարում է մասնակի` աշխատավարձի 2/3-ի չափով։ Լրիվ աշխատավարձ ստանում են միայն տարածքի պահպանությամբ զբաղվող աշխատակիցները։

Աշխատավարձի մի մասից զրկվածները նշում են, թե մեծ վարկեր ունեն, փորձում են այլ աշխատանք գտնել։ Ոմանք Ռուսաստան են մեկնել աշխատելու։

«Ասին` ժամանակավոր չի աշխատելու, բայց հույս կա աշխատելու: Որ օֆիցիալ ասվել է, չէ, բայց մեր անմիջական ղեկավարի միջոցով ասել են, որ մի քիչ էլ սպասեք, ու էսա կլինի: Հույս կա, դրա համար էլ սպասում ենք», - ասում է աշխատակիցներից ալավերդցի Վրեժ Դավթյանը, ում մյուսների նման ժամանակավոր տուն են ուղարկել, վերադարձի ժամկետ չեն նշել։ Հույս են տվել, թե երկար չի տևի։ Բայց արդեն չորս ամիս ձգվող դադարի ծայրը չի երևում։

Իր սեփական մեքենան տաքսի է դարձրել` տունը պահելու, վարկերը վճարելու միջոցներն ավելացնելու համար. «Մենք էլ ձեռքերը պարապ ծալած չենք նստում, որոշ բանով զբաղվում ենք, մինչև մարդիկ իրենք խոսքի տերն են, մեզ վճարում են, մենք էլ յոլա ենք տանում, մինչև հետ կանչեն»:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվեց ՎՏԲ բանկին պատկանող այս ընկերությունը, որը մարտի կեսերից դադարեցրել է պղնձամոլիբդենային հանքի ու հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը։ Գլխավոր տնօրենն «Ազատության» հարցերին ի պատասխան տեխնիկական պատճառներ էր առաջ քաշել, բայց միաժամանակ չէր թաքցրել, որ ռուս-ուկրաինական պատերազմի և պատժամիջոցների հետևանքով արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունեն։

Այսօր արդեն որպես չաշխատելու միակ պատճառ աշխարհաքաղաքական իրավիճակն են առաջ քաշում։ Միաժամանակ պնդում են, թե «ընկերությունն ինտենսիվ աշխատում է արտադրանքի այլընտրանքային գնորդների որոնման ուղղությամբ»: Թե որ շուկաներում, ընկերության գլխավոր տնօրենը չի մանրամասնում:

Թեղուտի հանքն ու ֆաբրիկան ռուսական ՎՏԲ բանկին էին անցել 2018-ին, երբ պարզվել էր, որ նախկին սեփականատեր «Վալլեքս գրուպը» չի կարողանում վերցրած վարկերը մարել։ Պարտքի դիմաց վարկատու բանկն առգրավել էր ընկերությանը պատկանող հանքավայրն ու ֆաբրիկան։ Գլխավոր տնօրեն նշանակված Նալիվայկոն «Ազատությանը» տված հարցազրույցներում ասում էր, որ մտադիր են վաճառել ընկերությունը, քանի որ «բանկը չի կարող հանք շահագործել»։ Այսօր Նալիվայկոն հրաժարվել է պատասխանել այս մասին հարցին՝ նշելով, որ «գլխավոր տնօրենն ընդամենը վարձու աշխատող է և այդ տեղեկությանը չի տիրապետում»։

Էկոնոմիկայի նախարարությունից ևս հրաժարվեցին պատասխանել՝ կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ ռուսական դարձած ընկերությունը վաճառելու մասին, և թե ի՞նչ է անում կառավարությունը գործազրկության բարձր մակարդակ ունեցող մարզում սոցիալական խնդիրները մեղմելու ուղղությամբ։

«Նախարարությունը «Թեղուտ» ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրել», - օրվա վերջին այսպես են պատասխանել «Ազատությանը» և ուղղորդել դիմել ընկերության ղեկավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG