Շոշափելի դիրքային տեղաշարժեր Տեղ գյուղում չկան, տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի վերջո ադրբեջանական զինուժը դուրս եկե՞լ է գյուղի տարածքներից, թե՞ ոչ։
Անցած շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե այդ բարելավումը ինչ է նշանակում. - «Վիճակի բարելավում երբ որ այս երկու օրվա ընթացքում խոսվում էր, խոսվում էին այն քննարկումները, որոնք պետք է բերեն դրան, շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան, բայց հույս է ներշնչել, որ զրույցները ոնց որ թե փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի, որովհետև մենք պետք է ելնենք այն բանից, որ այն, ինչ որ մերն է, դա մերն է, իրենք էլ պետք է հասկանան՝ այն, ինչ որ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ»։
Երեկ կառավարության նիստում անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
«Որոշ տեղերում ըստ հայկական կողմի մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-ից 300 մետր առաջ Հայաստանի տարածքում», - ասել էր նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանցիք իմ ցանած ցորենը արմատախիլ են արել, տեղը խրամատ են փորել». Տեղ համայնքի բնակիչ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի հողատարածքներում ադրբեջանական ու հայկական կողմերը շինաշխատանք են կատարում գրեթե հարևանությամբ«Ադրբեջանցիների հետ հիմա զրուցում ենք, որ Տեղ գյուղի մոտից հեռանան. եթե չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացնենք»
Արդյո՞ք այս պահին գործուն միջոցներ կատարվում են Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժին հեռացնելու համար, Անդրանիկ Քոչարյանն ասաց. - «Նախ հիմա զրուցում ենք՝ իրենք այդտեղից հեռանալու, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին։ Եթե չհեռանան… Այն, ինչ որ մերն է, մերն է, և իրենք եթե չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացնենք»։
Ո՞վ պետք է պատասխան տա Տեղ գյուղում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի անարգել ներխուժման համար։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է, թե պետք է ծառայողական քննություն անցկացվի. - «Ինչո՞ւ եղավ, այդ ինչուի պատասխանը պետք է գտնենք, մեզ համար է, մեր երկրի համար է, որովհետև կարող էր և չլիներ։ Եթե կարող էր չլինել, ինչո՞ւ եղավ, կարար չլիներ մի շարք հանգամանքներից ելնելով։
Ենթադրում եմ, որ մենք թերացել ենք։ Եթե թերացել ենք, թերացողներն այսօր էլ չէ՞ ղեկավարում են ինչ-որ կառույցներ, ներքևի օղակում, միջին օղակում, տեղական իշխանություններում։ Վերջին հաշվով, բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, այնտեղ կանգնած են սահմանապահ զորքերը։ Դուք հիմա ասում եք ճանապարհի շինարարություն, այո, ոչ մեկի մտքով պետք է չանցներ, որ այդ արանքում պետք է իրենք որոշում կայացնեն դիրքային բարելավում անեն, գան, ավելի մոտենան մոտ։ Մենք հիմա իրարից 10 մետր հեռավորության վրա ենք։ Եթե մենք այդ 10 մետրը մի քիչ շուտ նստած լինեինք, ոնց որ ամեն տեղ է, այլ կլիներ, բայց մենք պետք է նստենք հիմնովին, հիմնովին նստելու համար հիմնովին բազմաթիվ հարցեր կան, որ պետք է լուծվեն», - ասաց նա։
Դիտարկմանը, որ նույնիսկ պաշտոնանկություններ չեղան, Քոչարյանն արձագանքեց. - «Դուք ինչի՞ եք ուզում հենց հիմա տեսնեք»։
Տեղի ավագանու անդամը պահանջում է օրենսդիրի, գործադիրի ներկայացուցիչներին գնալ համայնք
Մինչ հայկական կողմը զրուցում, բանակցում է Տեղ գյուղի տարածքից ադրբեջանական զինուժին ետ մղելու հարցի շուրջ, այսօր Սյունիքից ուղիղ խորհրդարան էր եկել Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալայնը։ Վերջինս դիմել է կառավարությանը, Ազգային ժողովին, որպեսզի գան իրենց համայնք ու տեղում հասկանան՝ ինչ են անելու։
«Ուզում է ընդդիմադիր լինի, ուզում է դիմադիր լինի, կանչեն մարդկանց մշակույթի տուն, հետները խոսեն, որ հոգեպես չտանջվեն, մեռնեն։ Գուղացին այսօր հույսը դրել է կառավարության վրա, հիմա չգիտի՝ ինչպես ապրի, թիթիեռի կյանքով է ապրում», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ քաղաքական մեկնաբանի՝ վարչապետը պետք է հստակեցնի, թե ինչ բարելավման մասին է խոսքը Տեղ-Կոռնիձոր հատվածումՄարտի 30-ի առաջխաղացումից հետո ադրբեջանական զինուժը Մասիս Զեյանլայնի 2 հեկտար ցորենի դաշտը քանդել և տեղում խրամատ է փորել։ Ադրբեջանցի զինվորները դեռ Զեյնալյանի դաշտում են. - «Սեփական հողում թուրքը նստած ամրաշինական աշխատանք է արել, իրենց դրոշը խփած»։
«Մի կողմից թուրքն է, մյուս կողմից՝ ոստիկանները»
Տեղ համայնքի ավագանու անդամն ասաց, որ ոստիկանները ադրբեջանցիների ներխուժումից հետո այլևս թույլ չեն տալիս գյուղացիներին մոտենալ իրենց տարածքներին։ Նրանք, ըստ Զեյնալյանի, անգամ նորմալ անցակետ չունեն, հենց մեքենայում էլ գիշերում են. - «Հերթապահ ոստիկաններն իրենց ավտոյում են գիշերում, մի կողմից թուրքն է, մի կողմից էլ՝ իրենք, կալանավորի կյանքով»։
Վարելահողներն ու ցորենի դաշտերը կորցրած Տեղում ապագան անորոշ է, ավագանու անդամն ասում է, թե Երևանում գուցե այնքան էլ լավ չեն պատկերացնում, բայց իրենք իշխանության խոստացած ապագան իրենց մաշկի վրա են զգում։
«Եթե մարդը իր ուտելու հացը աչքերը բաց, առանց պատերազմի, առանց մի հատ կրակոցի պիտի հանձնի, տանք Ադրբեջանին, դրա ի՞նչն է ապագա», - հարցնում է նա։
Իշխանական պատգամավորներն այսօր տարբեր պատճառաբանություններով խուսափում էին անդրադառնալ Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միակն էր, որ համաձայնեց խոսել։
Հանձնաժողովի մեկ այլ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն, օրինակ, ասաց, թե Տեղում չի եղել, հետևաբար չի կարող ասել՝ ինչ է կատարվում։ Այնուամենայնիվ, մի լուծում առաջարկեց. - «Հավաքվեք բոլորովդ, իրար հետ գնանք, հետ ուղարկենք»։