Ադրբեջանի իրավապահները պնդում են, թե շարիաթի օրենքներով պետություն ստեղծել ծրագրող խումբ են ձերբակալել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են 6 մարդու, ովքեր մեղադրվում են «շարիաթի օրենքներով կառավարվող «Քերիմե» անվամբ կրոնապետություն Ադրբեջանում ստեղծելու դավադրության համար»: Այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել Պետական անվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը և Գլխավոր դատախազությունը:

Նշված կառույցների պնդմամբ՝ «դավադիրները մտադիր էին ապակայունացնել իրավիճակը երկրում, ինչի համար կրոնական քարոզ են վարել և իրանական հատուկ ծառայությունների միջոցով հավաքագրել են քաղաքացիներին, որոնց նյութական աջակցություն են տրամադրել»:

Ըստ իրավապահների, Իրանում բնակվող Ռուֆուլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին հանձնարարել են ստեղծել «դիմադրության ջոկատ, որը պետք է բռնի եղանակով փոխեր սահմանադրական կարգը»:

Դրա համար Ջումշուդովը ներգրավել է ծայրահեղ կրոնական արմատական գաղափարներ դավանող իր ծանոթներին՝ Տարզան Գարաշովին, Սյանան Մամեդովին, Հագանի Մամեդովին և Իգբալա Ախունդովին:

Իրանում ապրող Ախունդզադեն հավաքագրել է նաև Բաքվի բնակիչ Անար Իսաևին, որին զենք և մեծ գումար է խոստացել:

Ըստ իրավապահների, ձերբակալվածները սոցիալական ցանցերում ներկայացել են իբրև հավատացյալներ:

Նրանք, ըստ իրավապահների, նաև թմրամիջոցներ են վաճառել և ստացված եկամուտն ուղղել են Ադրբեջանում կրոնական արմատականություն տարածելու և քայքայիչ այլ գործողություններ իրականացնելու նպատակին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիա հավատացյալների զանգվածային ձերբակալությունները Ադրբեջանում շարունակվում են