Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր առաջին պաշտոնական այցով այսօր ժամանել է Լեհաստան։ Պատերազմի սկզբից ի վեր սա Զելենսկու երրորդ այցն է արտասահման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին և Դուդան կքննարկեն ռազմական օգնության, Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցեր
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը, ով այսօր սկսել է իր եռօրյա այցը Չինաստան, հայտարարել է, թե մտադիր է Պեկինին առաջարկել կարևոր դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում. - «Չինաստանը կարող է օգնել լուծել ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի հետ «ամուր կապերի» պատճառով»։
Չինաստան այցի նպատակներից մեկը Ուկրաինայում «խաղաղություն կառուցելն է». Մակրոն
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Չինաստան իր այցի նպատակներից մեկը կլինի Ուկրաինայում «խաղաղություն կառուցելը»՝ հավելելով, թե ժամանակի պահանջն է, որ եվրոպական երկրները վերսկսեն իրենց ռազմավարական գործընկերությունը Չինաստանի հետ։
Իր հերթին, Եվրամիությունում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը New York Times-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ
Չինաստանը չի աջակցում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, չի ճանաչում Ղրիմն ու Դոնբասը որպես ռուսական, իսկ Ռուսաստանի հետ «անսահման բարեկամության» մասին հայտարարությունները «հռետորական» են՝ ընդգծելով, որ Պեկինը Մոսկվային զենք չի մատակարարում։ Միևնույն ժամանակ դիվանագետը հավելել է, որ Չինաստանը չի դատապարտում Ռուսաստանի հարձակումը հարևան երկրի վրա, քանի որ հասկանում է ՆԱՏՕ-ի դեմ պաշտպանական պատերազմի մասին նրա պատմությունը և կարծում է, որ «հիմնական պատճառներն ավելի բարդ են», քան ասում են արևմտյան առաջնորդները։
Կարծում եմ, այս պատերազմը շուտով կավարտվի. Ուկրաինայի պաշտպանության նախարար
Թեև Մակրոնը հայտարարում է, որ փորձելու է Պեկինի միջոցով նոր բանակցային փուլ սկսելու Ուկրաինայի շուրջ, Կիևը հայտարարում է, որ չի գնալու բանակցությունների Մոսկվայի հետ։ Ավելին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, թե հավատում է, որ պատերազմը կավարտվի 2023 թվականին. - «Կարծում եմ, այս պատերազմը շուտով կավարտվի։ Ես անձամբ հավատում եմ, որ այս տարին հաղթանակի տարի է լինելու։ Մեր բոլոր գործընկերները պետք է հասկանան՝ մենք փոխզիջումների չենք գնա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն աջակցություն է հայտնում Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանըՈւ մինչ Զելենսկին Վարշավայում է, Մակրոնը՝ Պեկինում, իսկ Կիևը հայտարարում է, թե այս տարի ազատագրելու է իր երկիրը տարածքը ռուսներից, Ռուսաստանի նախագահն այսօր հանդիպում է ունենալու Բելառուսի նախագահի հետ։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները կարծում են, որ Պուտինը Լուկաշենկոյին կստիպի խորացնել ինտեգրումը Միութենական պետության շրջանակներում։
Անցած ամիս Պուտինը հայտարարել էր, թե Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի տարածքում։
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ասել էր, թե ցավում է, որ 1994 թվականին համոզել է Ուկրաինային հրաժարվել միջուկային զենքից. - «Ես ինձ պատասխանատու եմ զգում, քանի որ ստիպեցի նրանց հրաժարվել իրենց միջուկային զենքից: Դժվար թե Ռուսաստանը գնար նման քայլի, եթե Ուկրաինան դեռ ունենար իր միջուկային զենքը»։
1994 ին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ուկրաինան ստորագրել էին Բուդապեշտի հուշագիրը, որով Ուկրաինան հրաժարվել էր իր տարածքում տեղակայված միջուկային զենքից հօգուտ Ռուսաստանի։ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսատսանը ճանաչել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղրիմը Ուկրաինայի կազմում։
Ուկրաինան 40 հազար զինվորական է պատրաստում հակահարձակման համար. Reuters
Այսօր Ուկրաինան հայտարարում է, թե ազատագրելու է երկրի ամբողջ տարածքը, այդ թվում՝ դեռևս 2014-ին բռնակցված Ղրիմը, և միայն այդ պայմանով է պատրաստ բանակցություններ վերսկսել Մոսկվայի հետ։
Փորձագետները կարծում են, որ ուկրաինական սպասվող հակահարձակման հիմնական ուղղություններից մեկը լինելու է Զապորոզժիեի մարզը։ Նրանց կարծիքով, ուկրաինական բանակը կփորձի կտրել ռուսական բանակի ցամաքային կապը Ղրիմի հետ։
Ուկրաինական հակահարձակումը պաշտոնապես դեռ չի հայտարարվել։
Reuters-ն այսօր գրել է, թե Ուկրաինայի զինված ուժերը 40 հազար մարդու են պատրաստում հակահարձակման համար։
Մինչ այդ, Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, փաթեթը, ի թիվս այլնի, կներառի զինամթերք HIMARS և Patriot համակարգերի համար, հրետանային արկեր, 400 նռնականետներ։
Քանի դեռ ուկրաինական բանակը չի անցել հակահարձակման, ռուսական բանակը արդեն մի քանի ամիս է փորձում է գրավել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը։ Ուկրաինական կողմը կատաղի դիմադրում է։
Վարշավայում նախագահ Զելենսկին այսօր հայտարարել է, թե Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գտնվել Բախմուտում, իսկ ռուս զինվորականները չեն վերահսկում քաղաքը։