Հարցումները վկայում են, որ երկրորդ փուլը Թուրքիայի նախագահական ընտրություններում անխուսափելի է

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ փուլը գործնականում անխուսափելի է։ Սա են վկայում թուրքական ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի՝ МetroPoll-ի շաբաթասկզբին հրապարակած նոր հետազոտության արդյունքները։ Դրանց համաձայն` հունվար ամսից Ռեջեպ Թայիփ Էրդողանի վարկանիշը նվազել է գրեթե չորս տոկոսով՝ 46-ից հասնելով 42 տոկոսի։

Սոցիոլոգների գնահատմամբ` նման անկման պատճառները երկուսն են՝ ընդդիմության համակարգված գործողությունները և փետրվարի վեցին տեղի ունեցած աղետալի երկրաշարժը։ Նույն հարցման համաձայն` ընդդմադիր վեց կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուի վարկանիշը հունվար ամսից մինչև մարտի վերջին շաբաթն աճել է՝ 43-ից հասնելով 44․6 տոկոսի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական ընտրությունների ելքը կարող են վճռել քրդերը

Ըստ թուրք սոցիոլոգների՝ ընտրազանգվածի նման երկփեղկվածությունը, երբ ոչ Էրդողանը և և ոչ էլ Քըլըչդարօղլուն առաջին փուլում հաղթանակի որևէ շանս չունեն, ավտոմատ կերպով մեծացնում է վարկանիշով երրորդ տեղում գտնվող թեկնածուի՝ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ և 2018 թվականի ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեի դերակատարությունը։

«Ընդդիմությունից անջատված թեկնածուն այս լարված ընտրարշավի ընթացքում կարող է դառնալ Էրդողանի փրկօղակը», - գրում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ մի շարք հետազոտական ծառայությունների անցկացրած հարցումների համաձայն՝ Մուհարեմ Ինջեի վարկանիշը տատանվում է 5-ից 10 տոկոսի միջակայքում։

«Սոցիոլոգներն ու հետազոտողները նշում են, որ եթե Ինջեն չառաջադրվեր, ապա նրա ընտրազանգվածը կքվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին», - գրում է Reuters-ը՝ փաստորեն բացահայտ ասելով այն, ինչի մասին թուրքական ընդդիմադիր շրջանակներում առայժմ գերադասում են շշուկով խոսել, որ Ինջեն կամա թե ակամա վերածվել է այսպես կոչված «սփոյլեր» թեկնածուի և հաղթանակի որևէ շանս չունենալով՝ պառակտում է ընդդիմադիր ընտրազանգվածը։ Ինքը՝ Ինջեն, պնդում է, թե ընդդիմադիր դաշինքնին չմիանալու իր գլխավոր պատճառը գաղափարական հակասություններն են, մասնավորաբար այն հանգամանքը, որ միասնական ընդդիմությունը համագործակցում է քրդերի հետ:

«Մենք չենք կարող քննարկումների մեջ մտնել ահաբեկչական կառույցների հետ կապեր ունեցող ուժերի հետ», - անցած շաբաթ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո հայտարարում էր Ինջեն`նշելով, որ ինքը ազգայնական հայացքների կրող է։

«Իրական ազգայնականներն այստեղ են, այս բեմում, - երեկ Տրապիզոնում, անուղղակիորեն հակադաձրելով իր մրցակցին, հայտարարում էր ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիա. Ավերիչ երկրաշարժից մեկ ամիս անց

«Հայտնի է, որ Տրապիզոնում ազգայնական տրամադրությունները ուժեղ են, սակայն որևէ մեկը չպետք է մոռանա, որ եթե ձեր ուզածը իրական ազգայնականությունն է, ապա դրա ներկայացուցիչները մենք ենք։ Մենք կառավարման համակարգն այնպիսի մարդասիրական ու արդար հիմքերի վրա կդնենք, որ որևէ մեկը չի շահագործի մեկ ուրիշին», - հայտարարում էր Քըլըչդարղօլուն։

Ընդդիմության առաջնորդը Տրապիզոն էր ժամանել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ միասին,ո րը ծնունդով այս քաղաքից է։

«Այսօր Տրապիզոնում փոթորիկ է. և այդ փոթորկի հեղինակն է Թուրքիայի 13-րդ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն», - դիմելով քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց՝ հայտարարում էր Իմամօղլուն՝ նշելով, որ մայիսի 14-ի ընտրությունները վերջ են տալու տասնամյակներով շարունակվող այն իրավիճակին, երբ երկիրը կառավարում և հաղթանակներ էր արձանագրում մարդկանց միայն մի փոքր խումբ։[Առաջիկա ընտրությունները] Թուրքիայի 86 միլիոն բնակիչների հաղթանակն են լինելու», - հայտարարում էր Ստամբուլի քաղաքապետը։

Իսկ Թուրքիայի մյուս ծայրում՝ երկրաշարժից տուժած հարավ-արևելքում, ընդդիմադիրների գլխավոր մտահոգությունները վերաբերում են առաջիկա քվեարկության թափանցիկությանը՝ նախևառաջ տարերային աղետից հետո ընտրացուցակներում առկա խառնաշփոթին։

«Հազարավոր մարդիկ կան, որոնց այդպես էլ փլատակներից դուրս չեն բերել։ Նրանց մահը որևէ տեղ չի արձանագրվել, և այդ մարդկանց անունները շարունակում են մնալ ընտրացուցակներում։ Այժմ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կառավարությունը նրանց քվեները չօգտագործի առաջիկա ընտրությունների ժամանակ», - AFP-ի հետ զրույցում նշում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Կահրամանմարաշի կառույցի փոխնախագահ Ջեմ Յըլդըզը։