Իրանի խորհրդարանը դատապարտեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը

Իրանի խորհրդարանի նիստ, արխիվ

Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը: Իրանցի օրենսդիրները երկրի դիվանագիտական գերատեսչությունից պահանջել են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ Իրանի օրենսդիր մարմինը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը որակել է «անհավատալի քայլ, որը հակասում է իսլամական աշխարհի շահերին»:

Իրանցի պատգամավորները արաբական և մահմեդական կառավարություններին ու կազմակերպություններին կոչ են արել հետևել իրենց օրինակին և դատապարտել Ադրբեջանի քայլը։

Երեք տասնամյակ շարունակվող դիվանագիտական հարաբերություններից հետո Ադրբեջանն անցած օրերին առաջին դեսպանատունը բացեց Իսրայելում, ինչը երկու երկրներում պատմական քայլ են որակում ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Այդպիսով Ադրբեջանը դարձավ միակ երկիրն աշխարհում, որն ունենալով շիա մեծամասնություն՝ սեփական դեսպանատունն է բացում Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն առաջին անգամ դեսպանատուն է բացում Իսրայելում