The Wall Street Journal-ի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչը, ով Ռուսաստանում ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով, ապրիլի 4-ին առաջին անգամ հանդիպել է փաստաբանների հետ, հայտնել է թերթի գլխավոր խմբագիր Էմմա Թաքերը նամակում, որն ուղարկվել է հրատարակության աշխատակիցներին, հայտնում է Reuters-ը։
«Էվանի առողջական վիճակը լավ է, և նա շնորհակալ է ամբողջ աշխարհից աջակցության համար», - գրել է Թաքերը։
Նամակի տեքստում նշվում է նաև, որ Էվանի ընտանիքը «շունչ է քաշել, երբ իմացել է, որ վերջապես կապ է հայտնվել նրա հետ»։
Թաքերը հավելել է, որ Գերշկովիչը կալանքը բողոքարկել է փաստաբանների միջոցով։
Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմը քրտնաջան աշխատում է նրան ազատ արձակելու համար:
The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը բերման է ենթարկվել Եկատերինբուրգում մարտի 30-ին։ Ավելի ուշ Մոսկվայի դատարանը նրան երկու ամսով կալանավորել է։
Ռուսական հետաքննությունը պնդում է, որ Գերշկովիչը ԱՄՆ-ի պատվերով գաղտնի տեղեկատվություն է հավաքել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին։ Մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում։ Լրտեսության մասին հոդվածով լրագրողին սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։
Էվան Գերշկովիչը մոտ վեց տարի է, ինչ ապրում է Մոսկվայում՝ ամերիկյան The Wall Street Journal թերթի համար լուսաբանելով Ռուսաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ WSJ-ն ԱՄՆ վարչակազմին կոչ է անում կոշտ քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ՝ ի պաշտպանություն իր լրագրողի