44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարած Զոհրաբ Մնացականյանն այսօր Ազգային ժողովում մասնակցում էր պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
Նախկին արտգործնախարարը լրագրողներից աննկատ հեռացավ նիստից, իսկ հանձնաժողովը ղեկավարող, «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանը հայտնեց՝ պատերազմից ընդամենը մեկ շաբաթ անց հրաժարական տված Մնացականյանը պատասխանել է բազմաթիվ հարցերի: Իշխանական պատգամավորը, սակայն, չմանրամասնեց, թե ավելի քան 4 ժամ տևած նիստում կոնկրետ ինչ հարցեր են ուղղվել նախկին բարձրաստիճան դիվանագետին։
«Պարոն Մնացականյանը մանրամասն ներկայացրել է՝ առաջին փուլով իր պաշտոնավարման ընթացքում, դրանից առաջ ինչ բանակցային գործընթաց է եղել, 18 թվականի մայիսից, երբ ինքը դարձավ նախարար, ինչ գործընթացներ են զարգացրել, մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները, ընդհուպ գործընթացներ, որոնք նաև բանակցային գործընթացը և վստահելիության մթնոլորտը հակառակ կողմի հետ ինչպես պետք է կառուցվեր», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ նիստում Փաշինյանի հնչեցրած առաջարկը Այվազյանի հրաժարականի ոչ թե պատճառն է, այլ առիթը․ քաղաքագետԸստ Քոչարյանի՝ իրենք Մնացականյանից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հաստատեց՝ անդրադարձ է եղել նաև պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորությանը։ Բայց իշխանական պատգամավորը նախընտրեց կրկին մանրամասներ չներկայացնել՝ ի՞նչ պատասխան են ստացել նախկին արտգործնախարարից. - «Շատ մարդկանց ունենք լսելու, որպեսզի դրանք համադրելով հասկանանք՝ այդ հնարավորությունները կան, թե դա միայն Հայաստանից կարող է կախված լինել, Հայաստան-Ադրբեջան, թե ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակի հետ դա ուղիղ կապ կարող էր ունենալ»։
Հեղափոխությունից հետո արտգործնախարարի պաշտոնում նշանակված Մնացականյանի հրաժարականի օրը՝ 2020-ի նոյեմբերի 16-ին, նրա խոսնակը հերքել էր վարչապետ Փաշինյանին, թե բանակցային գործընթացում քննարկվել է նաև Շուշիի հանձնման հարցը:
«Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից», - ասել էր վարչապետը։
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է նաև, որ տեղյակ չի եղել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ հայտարարության մասին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ այդ հարցն էլ են քննարկել։
Մնացականյանից հետաքրքրվել են՝ հրադադարի համաձայնության որ փուլում ինչ մասնակցություն է ունեցել նախկին պաշտոնյան։ Իշխանական պատգամավորը վստահեցրեց՝ մանրամասները հայտնի կդառնան հանձնաժողովի զեկույցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղետալի զարգացումներից խուսափելու համար հրատապ է մոբիլիզացնել միջազգային հանրությանը. Զոհրաբ ՄնացականյանԼրագրողները հարցրին Քոչարյանին՝ արդյոք պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ դիվանագիտությունը թերացել է այդ օրերին։
«Բացահայտ հիմնավորում տալ բացարձակ ոչ իրավասություն ունեմ, ոչ էլ կարող եմ ասել։ Դեռ մեր աշխատանքը նոր մտել է ամենավճռական վերջին փուլ։ Մենք ենք պարտվել, բոլորս, այդ պարտության պատճառները եթե գիտակցենք, ամեն մեկիս մասնակցությունն ինչքան է, դա էլ կա, պատերազմից խուսափողներ էլ ենք ունեցել, դասալիքներ էլ ենք ունեցել, դավաճաններ էլ ենք ունեցել, հրաշալի կռվողներ էլ ենք ունեցել։ Վերջին հաշվով բա ճակատի մի հսկայական հատված պաշտպանվել է՝ Մարտակերտից սկսած», - շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահն այսօր անդրադարձավ նաև վարչապետի տիկնոջ աղմկահարույց հայտարարությանը, թե 44-օրյայի ընթացքում 11 հազար դասալիք է եղել։ Ասաց, թե դա պատահական թիվ չէ, ու չբացառեց էլ՝ դասալիքների քանակը դեռ ավելի մեծ է կարող է լինել. - «Էդ թիվը, որ հնչեցվել է, անպայման էդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովը իր պարզաբանումները կստանա, և երբ որ հաստատվի՝ 11 է, թե 12 է, այն ժամանակ ես հստակ կասեմ՝ քանի քրեական գործ է հարուցվել, ուր են հասել այդ քրեական գործերը, որովհետև այդ ծավալն այնքան մեծ է, որ ուշ թե շուտ վերջին հաշվով իրողությունների խորքային պատճառները պետք է հասկանանք»։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին անցած ամիս էլ պատերազմի ողջ ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարած Օնիկ Գասպարյանն էր մասնակցել։ Այդ նիստից հետո Քոչարյանը հայտնել էր, որ քննարկել են բոլոր մանրուքները, սկսած՝ պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու հարցեր, բայց էլի առանց կոնկրետությունների։
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել է ռազմական գործողությունների ավարտից ավելի քան մեկ տարի անց՝ 2022-ի փետրվարին։