Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում կքննարկի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցը:
«Օրակարգում ունենք մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրումը և ընտրությունը հանձնաժողովում: Մենք կլսենք երկու թենածուներին, որոնց ներկայացրել է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ հիշեցնելով. - «Ընդդիմադիր երկու խմբակցությունները առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալի՝ Անահիտ Մանասյանի թեկնածությունը որպես մարդու իրավունքների պաշտպան»:
«Մենք կլսենք երկուսին էլ և հանձնաժողովի անդամների քվեարկությամբ կհաստատենք նրանցից մեկի թեկնածությունը, որը արդեն կքննարկվի լիագումար նիստերի դահլիճում՝ մյուս շաբաթ մեկնարկելիք քառօրյայի շրջանակներում, և վերջապես, հույս ունենամ, որ կունենանք նոր օմբուդսմեն», - նշեց Թովմասյանը:
Հանձնաժողովը 7 անդամ ունի, նրանցից 4-ը իշխանական են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ հանձնաժողովը խորհրդարանին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցով առաջիկայում արտահերթ նիստ կգումարիՕմբուդսմենի պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս: Նախկին պաշտպանն անսպասելի հրաժարական տվեց հունվարին, և խորհրդարանական մեծամասնությունն ամիսներ շարունակ թեկնածու չէր գտնում, մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեցին, որ առաջադրում են Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխող խմբակցությունը գլխավոր դատախազի տեղակալին կառաջադրի ՄԻՊ թափուր պաշտոնում34-ամյա Մանասյանը մասնագիտությամբ իրավաբան է, Դատախազությունում աշխատանքի է անցել ընդամենը չորս ամիս առաջ, աշխատել է նաև Սահմանադրական դատարանում, եղել է դատարանի նախկին նախագահի խորհրդականը:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար 47-ամյա Էդգար Ղազարյանը մարդու իրավունքների պաշտպանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածուն է: Ղազարյանը դեռ 1990-ականներից քաղաքական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ՍԴ աշխատակազմը ղեկավարելուց առաջ եղել է Լեհաստանում Հայաստանի դեսպանը, նաև՝ Վայոց ձորի մարզպետը: Վերջին տարիներին նա իշխանության կոշտ քննադատն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻՊ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել է Էդգար Ղազարյանի թեկնածությունը