Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը Իրանին է մեղադրում Մուստաֆայի դեմ մահափորձի համար
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ադրբեջանցի պատգամավորի դեմ զինված հարձակման համար մեղադրում է Իրանին, որի հարաբերությունները Բաքվի հետ անշեղորեն վատթարանում են:
Մահափորձից մեկ շաբաթ անց Ադրբեջանի իրավապահները հայտարարում են, որ Ֆազիլ Մուստաֆայի դեմ հարձակման հեղինակների ինքնությունը բացահայտված է։ Այս պահին հաղորդվում է վեց ձերբակալվածի մասին։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների պնդմամբ՝ մահափորձի կազմակերպիչը 47-ամյա կրոնական ակտիվիստ Ազեր Սարիջանովն է։ Նա, ըստ քննության, կրթություն է ստացել Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում, հետագայում ևս հաճախ է այցելել հարևան երկիր։
Մուստաֆայի դեմ մահափորձի անմիջական իրականացնողը, հատուկ ծառայությունների պնդմամբ, 1986 թվականին Աղդամի շրջանում ծնված Սաբուհի Շիրինովն է, որը վերջին տարիներին 15 անգամ այցելել է Իրան, որտեղ հավաքագրվել է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։
«Բացի այդ, նա Իրանում մարտական պատրաստության դասընթացներ է անցել»,- Ադրբեջանի անվտանգության ծառայության հայտարարությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահափորձ ադրբեջանցի պատգամավորի դեմ. Բաքուն այն ահաբեկչություն է անվանելՆույն աղբյուրի փոխանցմամբ՝ «պատգամավորի դեմ ահաբեկչական հարձակումն իրականացվել է Իրանի հատուկ ծառայությունների պատվերով՝ նրանց ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ»։
Հակաիրանական հայացքներով հայտնի ադրբեջանցի քաղաքական գործչի դեմ մահափորձը տեղի է ունեցել անցած շաբաթ, պաշտոնական աղբյուրների համաձայն՝ անհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակոցներ է արձակել մեքենայում գտնվող պատգամավորի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել։ Դեպքից ժամեր անց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել, մի քանի օր անց էլ պաշտոնական Բաքուն պնդել է, թե մահափորձի հետքերը տանում են դեպի Իրան։
57-ամյա Ֆազիլ Մուստաֆան իշխող կուսակցության անդամ չէ, բայց խորհրդարանի մյուս բոլոր օրենսդիրների պես աջակցում է նախագահ Իլհամ Ալիևի կառավարութանը։ Պատգամավորը Իրանի կոշտ քննադատներից է, խորհրդարանում իր վերջին ելույթներից մեկում իշխանությանը կոչ էր անում հատուկ օրենսդրություն ընդունել, որը թույլ կտա վերահսկել Իրանի և Իրաքի շիա սրբավայրեր այցելող ուխտավորներին. - «Ադրբեջանի ներսում Իրանի լրտեսական ցանցերում ներգրավում են նրանց, ովքեր ուխտագնացությունների են մեկնում Մաշհադ, Քարբալա և Ղոմ: Հետևաբար, մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք, որ կրոնական այցերը պետք է տեղի ունենան ադրբեջանական պետության ամբողջական վերահսկողության ներքո, և որ այդ այցելուներին բնութագրել որպես բարձր ռիսկային խմբեր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը Բաքվից պահանջում է պարզաբանել «սիոնիստական ռեժիմի հետ հակաիրանական համագործակցությունը»Փոխադարձ մեղադրանքներ ու բողոքի նոտաներ
Վերջին 27 տարվա ընթացքում Ադրբեջանում պատգամավորի դեմ առաջին զինված հարձակումը իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա ճգնաժամն էլ ավելի է խորացրել։ Ադրբեջանական մամուլի գնահատմամբ՝ երկու երկրների միջև գերլարվածությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի, Բաքու-Թեհրան դիվանագիտական մենամարտը օր օրի թափ է հավաքում։
Անցած հանգստյան օրերին Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը այդ երկրի լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ տարվող արշավի կապակցությամբ։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ Թեհրանն իր խիստ բողոքն է արտահայտել և կոչ արել անհապաղ վերջ տալ այդ գործողություններին։ Իրանի դիվանագիտական առաքելությունը զգուշացրել է՝ երկու երկրների հարաբերությունների համար անհարգալից գործողությունները վնասակար հետևանքներ կարող են ունենալ։
Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն, իր հերթին, Իրանի դեսպանին է կանչել Արտգործնախարարություն ու նույնաբովանդակ բողոք ներկայացրել Աբբաս Մուսավիին։
«Միաժամանակ նշվել է, որ մեր երկրների հարաբերություններում թյուրըմբռնումը միշտ պայմանավորված է Իրանի միակողմանի պահվածքով և քայլերով, ադրբեջանական կողմի հետևողական և բարեհամբույր քայլերը Իրանի կողմից պատշաճ արձագանքի չեն արժանացել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Իրանական աղբյուրներն, ի դեպ, այսօր գրել են, որ երկրի իշխանություները մտադիր են փոխել Ադրբեջանում իրանցի դեսպանին։ «Թասնիմ» գործակալության տվյալներով՝ Աբբաս Մուսավիին կփոխարինի Ղազախստանում Իրանի նախկին դեսպան Մոջթաբ Դեմիրչիլուն։ Մուսավիի պաշտոնավարման ավելի քան երկուսուկես տարին ուղեկցվել է իրանա-ադրբեջանական աննախադեպ լարվածությամբ։ Դիվանագետների միջև հեռակա բանավեճին հաճախ միանում են նաև երկու երկրների բարձրաստիճան զինվորականները՝ հնչեցնելով փոխադարձ սպառնալիքներ։
Ավանդաբար սառը հարաբերություններ ունեցող հարևանների միջև լարվածությունը սրվեց ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց փակել Իրանից Հայաստան տանող ճանապարհը, հետո էլ պահանջեց Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Թեհրանը շարունակաբար ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է համարում, հետո էլ լայնածավալ զորավարժություններ անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Թեհրանը դատապարտում է նաև Ադրբեջանի և իր վաղեմի հակառակորդ Իսրայելի միջև դիվանագիտական մերձեցումը՝ Բաքվին մեղադրելով Իրանի դեմ դավադրություններում ներքաշվելու մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն առաջին անգամ դեսպանատուն է բացում ԻսրայելումԲաքուն, իր հերթին, պնդում է, թե հարևան երկրից իր դեմ ապակայունացնող գործողություններ են ծրագրվում՝ անցած ամիսներին այդ մեղադրանքով ձերբակալելով տասնյակ իրանամետ գործիչների։ Ավելի քան երկու ամիս առաջ էլ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան զինված միջադեպ էր տեղի ունեցել, որը Բաքուն ահաբեկչություն էր որակել՝ երկրից տարհանելով դեսպանատան անձնակազմին։
Այս լարվածության ֆոնին՝ անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը Թեհրանին և Բաքվին Մոսկվայի միջնորդական ծառայություններն է առաջարկել պատրաստակամություն հայտնելով օգնել կողմերին հաղթահարելու տարաձայնությունները։