«Գոյ» փորձարարական թատրոնը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կազմում որպես բաժին ընդգրկելու նախագիծը հրապարակվել է Թատրոնի օրը՝ մարտի 27-ին։ Օրինագծերի հրապարակման միասնական կայքում այն նաև հանրային քննարկման է դրված։ Դեռ գերակշռում են նախագծին դեմ ձայները։
«Գոյ» թատրոնում այս միավորմանը դեմ են դեռ այն պահից, երբ տեղեկացան նախարության նման մտադրության մասին: Հիմա հրապարակված է նաև նախագիծը և «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն ասում է՝ դրան արդեն կարձագանքեն իրավաբանները:
«Փաստաբաններն աշխատում են ու կլինի փաստաբանական պատասխան», - «Ազատությանն» ասաց Սահակյանը։
35 տարի Սունդուկյանի թատրոնի շենքի ձեղնահարկում գործող «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարծում է՝ սա իրենց թատրոնի լուծարման, այլ ոչ թե թատրոնների միավորման ծրագիր է:
«Իրենք եկել են ծրագրով, իրենք իրականացնում են ծրագիրը, մենք փորձում ենք պայքարել դրա դեմ», - նշեց Արթուր Սահակյանը։
Օրինագծի հիմնավորումներին, որ միավորմամբ «Գոյ» թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Սունդուկյանի ողջ տարածքից՝ մեծ բեմից, գույքից, մասնագետներից, կընդլայնի միջազգային համագործակցությունն ու ստեղծագործական հնարավորությունները, Սահակյանը հարցով է արձագանքում․ - «Ո՞ւմ համար են էդ բարեփոխումները, կարո՞ղ եք ինձ բացատրել, եթե մենք բոլորս հրաժարվում ենք դրանից»։
Սահակյանն ասում է ՝ երկու թատրոնները հնարավոր չէ միավորել, դրանք բնույթով են տարբեր, իսկ իրենք ավելի շուտ դուրս կգան, քան կհամակերպվեն որոշման հետ:
«Գիտեմ որ ստեղից ոչ մեկ չի իջնելու ներքև, սա ընդամենը փակման ծրագիր է։ Տարբեր բաներ են․ նա իր ֆունկցիան ունի, սա իր ֆունկցիան ունի, նա իր ձևն ունի, սա իր ձևն ունի, սա իր տրամաբանությունն ունի, նա իր տրամաբանությունն ունի, էդ տրամաբանությունները ոչ թե միանալի չեն, այլ չգիտեմ, օրինակ, կարո՞ղ եք պատկերացնել, որ Պիկասոն Մարտիրոս Սարյանի հետ ինչ-որ գործ նկարի։ Ասում են՝ թատրոնը խանդոտ է։ Պատկերացնո՞ւմ եք թատրոնն ինչ է իրենից ներկայացնում, շնչավոր օրգանիզմ է և ինքն էդպես է, դրա համար մի շնչավոր օրգանիզմը մյուսով չէ», - եզրափակեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գոյ թատրոնը կարող է փակվել