Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններն այսօր հրավիրած ասուլիսում դժգոհեցին թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի կարգից:
Աճեմյանցիները մատնանշում են Երևանի «Գոյ» թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար նույն օրը հայտարարված մրցույթն ու հարցնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ երևանյան թատրոնի դեպքում տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջներից է թատերական կրթություն ունենալը, Գյումրիի պարագայում՝ ոչ:
«Երկու թեկնածու կա, և մենք գտնում ենք, որ այս թեկնածուները կոմպետենտ չեն թատրոն ղեկավարելու», - պնդում էին դերասանները, - «Շատ տգեղ ձևով են ուզում հասնել այդ պաշտոնին՝ լուրեր տարածելով, մարդկանց վարկաբեկելով, կուսակցություն վարկաբեկելով: Շատ կուզենայինք, որ թեկնածուները գային, ցանկանային հանդիպել կոլեկտիվի հետ, լսեին իրենց», - ասում էին նրանք:
Թատրոնի ստեղծագործական կազմին խիստ վրդովվեցրել են լուրերն այն մասին, թե թեկնածուներից մեկը պաշտոնյաների, պատգամավորների ու իշխող Հանրապետական կուսակցության անունն է տալիս ու հայտարարում, թե ինքն արդեն հաղթող է:
«Քաղաքում լուրեր են տարածում, որ իմ հարցը լուծված է՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը իմ հարցը լուծել է, ես պետք է գամ թատրոն՝ տնօրեն: Մատ են թափ տալիս հեռակա կարգով, ասում են, որ իմ ազգանունը Մինասյան է, երկրի նախագահի փեսայի ազգանունն էլ է Մինասյան՝ դե գնացեք, իմացեք, որ մենք գալիս ենք», - հակադարձում է դերասանների մատնանշած թեկնածուն՝ «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը․ - «Քաղաքում շատ լավ գիտեն, որ ես գործով եմ ապացուցում, դատարկ չեմ խոսում: Իմ այսքան տարվա հեղինակությունը հերիք է, որ ես բուլվարային խոսակցությունների մակարդակով լուրեր չտարածեմ: Ես ինքս ոչ մի լուր չեմ տարածել, հովանավորների ցանկություն ունենալ չեմ ուզում, մեկնաբանություն չեմ ուզում ոչ մեկին անել»:
Թատրոնի ստեղծագործական խմբի 30 անդամներ ստորագրություններ են հավաքել ու դիմում են մշակույթի նախարարին և վարչապետին՝ խնդրելով լուծում տալ խնդրին:
Նշենք, որ Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կկայանա սեպտեմբերի 14-ին: