Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել Էրդողանի առաջադրումը նախագահական ընտրություններին

Թուրքիայի նախագահի երկու հիմնական թեկնածուները՝ Ռեջեփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն, կոլաժ

Թուրքիայի ընտրական գլխավոր հանձնաժողովը մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու 4 թեկնածուների անուններ է հրապարակել։ Նրանք են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ու ևս երկու թեկնածուներ՝ Մուհամեր Ինջեն և Սինան Օղանը։ Վերջիներս կարողացել են վեց օրում ավելի քան 100 հազար ստորագրություն հավաքել և առաջադրվել նախագահի թեկնածու։

Այլ հավակնորդներ, մասնավորապես՝ ազգայնական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, առաջադրվելու համար չեն կարողացել 100 հազար ստորագրություն հավաքել։ Էրդողանը և Քըլըչդարօղլուն իրենց առաջադրումը պաշտպանող ստորագրություններ ներկայացնելու կարիքը չունեն, քանի որ նրանց թեկնածությունն առաջադրել են խորհրդարանի խմբակցությունները։

Ընդդիմադիր երեք կուսակցություններ դիմել են ընտրական գլխավոր հանձնաժողով՝ պահանջելով չեղարկել Էրդողանի թեկնածությունը: Նրանք պնդում են, որ Էրդողանն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ մինչև հիմա արդեն երկու ժամկետով նախագահ է եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական ընդդիմությունը պահանջում է չգրանցել Էրդողանի թեկնածությունը

Խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի կարծիքով՝ Էրդողանի առաջադրմանը խանգարող իրավական որևէ խոչընդոտ չկա։ Ըստ նրա պարզաբանման՝ իրավական փոփոխությունները կարող են վերաբերել միայն ապագային։ «2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայում մեկ անգամ է ընտրություն անցկացվել։ Մեր նախագահն առաջադրվել և ընտրվել է միայն մեկ անգամ», - ասել է նա լրագրողներին, հավելելով, թե բանավեճն իրավական չէ, այլ քաղաքական բնույթ ունի։

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է 2017-ին, ուժի մեջ մտել հաջորդ տարի։

Ընդդիմադիր «Լավ» կուսակցության խոսնակ Քուրշադ Զորլուն մարտի 27-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ասուլիսում հիշեցրել է՝ 2007-ի սահմանադրական փոփոխությունը պահանջում է, որ ցանկացած անձ կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն երկու անգամ, և ընդգծել է, որ այդ հոդվածը նույնությամբ տեղ է գտել 2017-ի սահմանադրական փոփոխություններում։

Ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղուն այսօր հանդիպելու է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու առաջադրված Մուհամեր Ինջենին։ Վերջինս ընդդիմադիր շրջանակների կողմից քննադատության է ենթարկվում Էրդողանի դեմ միասնական ճակատին չմիանալու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական ընդդիմությունը հրապարակեց իր միասնական թեկնածուի անունը

Ընտրական գլխավոր հանձնաժողովը նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակելու է մարտի 31-ին։