Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության. ԱՄՆ պետքարտուղար

Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքն է: Դիվանագետը շեշտում՝ չի չափազանցնում։ Ամերիկացի պաշտոնյան այս մասին խոսել է ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Փաստելով, որ անձամբ է ակտիվորեն ներգրավված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, պետքարտուղար Բլինքենը շեշտել է՝ Վաշինգտոնը կողմերին ոչ թե պարտադրում, այլ օգնում է «հասնելու խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի երկկողմ հարաբերությունները», ինչպես նաև, ակնհայտորեն կանդրադառնա «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը»։

«Ես կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում չափազանցնել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս իսկապես ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը», - նշել է ամերիկացի դիվանագետը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքերով՝ Վաշինգտոնն այս գործընթացում ներգրավվել է հայկական կողմի խնդրանքով․ - «Մենք սա չենք պարտադրում Հայաստանին։ Մենք արձագանքում ենք Հայաստանի հայտնած մեծ ցանկությանը, որն ուզում է տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել հասնելու համաձայնության, որը համենայն դեպս, մեծ հաշվով վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը»:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մյունխենյան հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, 18-ը փետրվարի, 2023թ.

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում լավատեսությանը զուգահեռ Միացյալ Նահանգների պետքարտուղարն անդրադարձել է նաև ադրբեջանցիների կողմից ավելի քանի երեք ամիս շարունակ շրջափակված Լաչինի միջանցքին։ Բլինքենը փաստել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից և հավաստիացրել, որ անձամբ է զբաղվում խնդրի լուծման ուղղությամբ։

«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ընդգծել է նա։

ԱՄՆ պետքարտուղարն անցած օրերին Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին խոսել էր Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, որ Լաչինի միջանցքում պետք է անցակետ տեղադրվի՝ պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։

Չնայած Լաչինի միջանցքի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնություններին, Միացյալ Նահանգների պետքարտուղարն, այդուհանդերձ, մի քանի անգամ ընդգծել է՝ «կա հնարավորության պահ, որը բխում է ինչպես Հայաստանի, ինչպես էլ Ադրբեջանի ժողովրդի շահերից»։

«Ինչո՞ւ է ԱՄՆ-ը ֆինանսական աջակցություն տրամադրում մի երկրի, որը հարձակվում է իր հարևանների վրա»

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը

Էնթոնի Բլինքենը հայ-ադրբեջանական հարաբերությունների, Վաշինգտոնի միջնորդական ջանքերի մասին խոսել է ԱՄՆ Սենատի՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հարցին ի պատասխան։ Ամերիկացի ազդեցիկ օրենսդիրը հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ է ամերիկյան կառավարությունը ֆինանսական աջակցություն տրամադրում մի երկրի, որը հարձակվում է իր հարևանների վրա, բանտարկում սեփական քաղաքացիներին։

«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը գրավում Հայաստանի տարածքները, սննդի, անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ, վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը պատերազմ հրահրում, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից», - ներկայացրել է Մենենդեսը:

Ամերիկացի սենատորի խոսքերով՝ Պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար: Մենենդեսը, վրդովմունքը չթաքցնելով, ասել է՝ մտահոգված է Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ։

Ըստ Բլինքենի՝ Վաշինգտոնը Ադրբեջանին ֆինանսական աջակցություն տրամադրելու մի քանի պատճառ ունի․ - «Դրանցից մեկը նրանց ուժերի, մեր ուժերի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցության ամրապնդումն է։ Նրանք խաղաղապահ գործունեություն են ծավալում։ Նրանք Իրանի հետ ունեն երկար սահման, որը պաշտպանության կարիք ունի: Բայց նաև մեր կարծիքով՝ իսկապես օգտակար է մեծացնել նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե՝ կողմնորոշումը»։