ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում ասել է, որ գագաթնաժողովը նվիրված է լինելու «հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներին և գլոբալ մարտահրավերներին», ներառյալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը:
Դա, նրա խոսքով, ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը։ Նույն համատեքստում կքննարկվի պարենային գլոբալ անվտանգության հարցը։
Ինչպես նշել է Միշելը՝ «մեր նպատակն է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում»։
Դա անելու համար, ինչպես նա ասում է իր նամակում, «մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների մեծացման համար»։
Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, տեղի կունենա եվրագոտու գագաթնաժողովը, որին կմասնակցեն միության բոլոր 27 երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն՝ քննարկելու համար տնտեսական և ֆինանսական իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ DPA․ «Առաջիկա մեկ տարում ԵՄ նախատեսում է Ուկրաինային շուրջ մեկ միլիոն արկ մատակարարել»