Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր ելույթ ունենալով Անկարայում անցկացված թյուրքական երկրների կազմակերպության գագաթնաժողվում, հիշեցրել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի օգնությունը։
«Քաղաքական, դիվանագիտական և բարոյական աջակցությունը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին օրը մեր երկրին ցուցաբերվեց Թուրքիայի ու անձամբ նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից, մեզ նոր ուժեր էին հաղորդում։ 44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջ թուրքական ժողովուրդը Ադրբեջանի կողքին էր»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։
Նա նշել է, որ 2021 թվականի հունիսին Շուշիում ստորագրված հռչակագրով Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են դաշնակցային մակարդակի։
Հայ-ադրբեջանական առկա իրավիճակի մասին Ալիևն ասել է, որ Հայաստանը չնայած 2022 թվականին «Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռ ամբողջովին դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտում բացառում են Բաքվում ինտեգրման հարցերի քննարկումը«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրյան միջանցքը բացելու պարտավորությունից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի հայտարարության պայմանները և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- հայտարարել է Ալիևը։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունում, սակայն, «Զանգեզուրյան միջանցք» արտահայտությունը չկա, խոսքը Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհները վերաբացելու մասին է։ Այս տարվա սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներին տված մեծ հարզազրույցում Ալիևը ասել էր, որ «Զանգեզուրյան միջանցքը» ինքն է շրջանառության մեջ դրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբենին ասենք թող գնա, որտեղից եկել ես». իշխանական պատգամավորԱնկարայում ունեցած ելույթում Ալևն ասել է, որ «ազատած» տարածքների վերականգնման մեծ աշխատանքներ են տարվում, զրոյից կառուցում են ինը նոր քաղաքներ ու 300 գյուղեր։ 2021-2022 թվականներին Ադրբեջանի կառավարությունը 4 միլիարդ դոլար է ծախսել, այս տարի պլանավորված է 1,7 միլիարդ դոլար հատկացնել։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը «մեծ վերադարձ ծրագիր է իրականացնում հարկադրաբար տեղահանվածներին» վերադարձնելու համար։ Ենթակառուցվածքային շատ ծրագերին ակտիվորեն մասնակցում են թուրքական կապալառու ընկերություններ։ Թուրքական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը այսօրվա դրությամբ անցնում են երեք միլիարդ դոլարը։ Ալիևը նշել է, որ Թուրքայի նախագահը երեք անգամ այցելել է այդ շրջաններ, լինելով Շուշիում, Վարանդայում (Ֆիզուլիում), Զանգելանում և Ջրականում (Ջաբրայիլում)։
Վերադարձի նպատակ ունեն նաև «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները», ասել է նա: Ալիևի խոսքերով՝ ինչպես Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա։
Թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը անցկացվում է Ադրբեջանի նախաձեռնությմաբ, ինչի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին։
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո անցկացվող հանդիպման զգալի մասը, բնականաբար, Թուրքիային համերաշխություն հայտնելու, օժանդակելու, թուրքական աշխարհի միասնության և համագործակցության մասին է։ Գագաթնաժողովը կոչվում է «տարերային աղետների կարգավորում և հումանիտար օգնություն»։
Էրդողանն իր ելույթում հայտարարել է, որ գագաթնաժողովը հերթական անգամ ցուցադրում է թուրքալեզու երկրների միասնությունը, ներկայացրել է երկրաշարժի աղետալի հետևանքների մասշտաբները, վերականգնման աշխատանքների ծավալները։
Էրդողանը նաև հայտնել է, որ մարտի 20-ին միջազգային դոնորների համաժողով է անցկացվելու՝ աղետի գոտու բնակիչներին աջակցելու նպատակով։
Թյուրքալեզու երկրների կազմակերպության մեջ մտնում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Թուրքմենստանը, Հունգարիան և միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսը, որի ղեկավար Էրսին Թաթարը նույնպես ժամանել է Անկարա։ Թուրքական Կիպրոսը անցյալ տարի է այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստացել:
Գագաթնաժովի ավարտին ընդունված Անկարայի հռչակագրում թուրքալեզու երկրները դատապարտում են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչութունը և կոչ անում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար արագ ու բազմակողմանի հետաքննություն անցկացնել:
Գագաթնաժողվից առաջ Ռեջեփ Էրդողանը առանձին հանդիպումներ է ունեցել Անկարա ժամանած նախագահների հետ։
Երեկ երեկոյան կայացել էր Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հանդիպումը։ «Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի բանակցությունենրի ընթացքի շուրջ»,- տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի կայքէջը։