44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Նիստը մեկնարկել է գրեթե չորս ժամ առաջ, շարունակվում է փակ դռների հետևում։
Իշխանություն-Օնիկ Գասպարյան հրապարակային հակասություններն առաջացան 2021-ի փետրվարին, երբ այն ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գասպարյանն ու շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։
Գասպարյանը որպես Գլխավոր շտաբի պետ պաշտոնավարել է շուրջ 9 ամիս:
Նա 2020-ի նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օնիկ Գասպարյանն առաջարկում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել. պատգամավորներն արձագանքում ենԱյս հայտարարությունից մեկ ամիս անց «Ազատության»-ը տված հարցազրույցում Փաշինյանը չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման առաջարկ է արել, սակայն օրեր անց խորհրդարանի ամբիոնից հերքել էլ Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությունը․ - «Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի»։
Օնիկ Գասպարյանի պնդումը հերքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ավելի ուշ Անվտանգության խորհրդի գրասենյակը Գասպարյանի որոշ պնդումների վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց՝ հրապարակելով փաստաթղթերի գաղտնազերծված հատվածներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանը պնդում է, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի առաջարկել դադարեցնել այն