Երկօրյա այցով Հայաստան ժամանած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր այցելել է Ջերմուկ քաղաք: նա այնտեղ էր՝ ծանոթանալու, թե ինչ վնասներ է պատճառել Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ռասմուսենը հպանցիկ անդրադարձավ այդ թեմային՝ նշելով, որ Ջերմուկի քաղաքապետը ներկայացրել է, որ այստեղ տուժել է տուրիզմը, վնաս է հասցվել առողջարաններին:
Այսօր ավելի վաղ նա եղել է Լաչինի միջանցքում: Անդրադառնալով այս թեմային՝ Ռասմուսենը շեշտեց. «Եվրոպան չպետք է փակի աչքերն այն ամենի շուրջ, ինչ կատարվում է այսօր Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Լաչինի միջանցքում»:
«Ես այստեղ եմ Հայաստանի կառավարության հրավերով՝ փորձելով ամրապնդելու Հայաստանի և Եվրամիության ու ընդհանրապես Արևմուտքի միջև կապերը: Այսօր ես եղել եմ Հայաստանի հարավային հատվածում՝ սեփական աչքերով դիտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները», - ասաց նա՝ շարունակելով, - «այսօր ավելի վաղ այցելեցի Լաչինի միջանցք, այս շրջափակումն անմարդկային է և անօրինական: Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ վճիռ է կայացրել, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը տրանսպորտի համար ու ազատ մուտք տալ դեպի Լեռնային Ղարաբաղ: Դա կատարման համար պարտադիր վճիռ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը՝ ազատ մուտք ապահովելու համար, այդ իսկ պատճառով ես այսօր շատ հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ այսօր անհապաղ դադարեցնել շրջափակումը»:
Երեկ Ռասմուսենը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռասմուսենը Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանի վերջին զարգացումներըԼրագրողների հետ զրուցում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը մի քանի փակագծեր բացեց, թե մասնավորապես համագործակցության ինչ ֆորմատ կարող է ձևավորվել Հայաստանի կառավարության և իր կազմակերպության միջև: Այսօր այդ կազմակերպությունը աշխատում է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի հետ:
«Մեր նպատակն է սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի կառավարության հետ, դա լայն շրջանակ և խնդիրներ ընդգրկող համագործակցություն է: Ակնհայտ է, որ մենք խոսում ենք Եվրամիության քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ առաջին հերթին այստեղ և հիմա կարևոր է, որ մենք բարձրացնենք տեղեկացվածությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ռիսկ կա, իսկ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա իրավիճակը կարգավորելու համար: Մենք կցանկանայինք նաև օգնել Հայաստանի կառավարությանը բարձրացնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսության մակարդակը և դա ներառում է նաև երկխոսություն անվտանգության քաղաքականության վերաբերյալ: Եվրամիությունն ունի գործիքների լայն շրջանակ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար և ես կարծում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է միջազգային գործընկերների շատ ավելի լայն շրջանակ, քան ունի այսօր», - ասաց Ռասմուսենը:
Հարցին՝ «ռազմաքաղաքական աջակցության ակնկալիք Հայաստանը հայտնե՞լ է», նա պատասխանեց. - «Ընդհանուր առմամբ, այո, սակայն մենք ռազմական աջակցության վերաբերյալ մանրամասներ չենք քննարկել»: