Կիևն ու Թբիլիսին կշտամբանքներ են փոխանակում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, օգոստոս, 2021թ.

Վրաստանի իշխանություններն անցած շաբաթվա բողոքի ցույցերում ուկրաինական հետք են փնտրում, Ուկրաինայից, մինչդեռ, խորհուրդ են տալիս լավ պրպտել և գտնել իրական թշնամուն։

Վրաստանի կառավարությունը թշնամիներ է փնտրում ոչ այնտեղ, որտեղ պետք է. - այսպես է ուկրաինական արտգործնախարարությունն արձագանքել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը, թե Կիևը ցանկանում է Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում. Ղարիբաշվիլի

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, թե խոսելով Վրաստանում իբր պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ Ուկրաինայի մասնակցության մասին՝ այդ երկրի իշխանությունները կրկնում են ռուսական քարոզչությունը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանի վարչապետը և խորհրդարանի ղեկավարությունը մի շարք ոչ բարեկամական հայտարարություններ են արել Ուկրաինայի հասցեին։ Գրեթե բառացիորեն կրկնելով ռուսական քարոզչական թեզերը՝ վրացական իշխանությունների ներկայացուցիչներն Ուկրաինային մեղադրել են Վրաստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու և քաղաքացիական պատերազմ հրահրելու համար ուժեր ուղարկելու մեջ։ Մենք կտրականապես հերքում ենք իրականության հետ որևէ առնչություն չունեցող այդ զրպարտությունը։ Վրացական իշխանությունները սխալ տեղում են թշնամի փնտրում»», - պնդում է Նիկոլենկոն։

Ուկրաինացի դիվանագետը ֆեյսբուքյան այս գրառմամբ արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը, ըստ որի՝ երկրում անցած շաբաթ տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերում ուղղակի ներգրավվածություն են ունեցել Ուկրաինայի քաղաքական գործիչները։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ դրա վառ ապացույցն Ուկրաինայի նախագահի կողմից վրաց ցուցարարներին աջակցություն հայտնելու մասին հայտարարություններն են։

«Երբ պատերազմի մեջ գտնվող մարդը ժամանակ է գտնում Վրաստանում մի քանի հազար մարդու մասնակցությամբ ընթացող ապակառուցողական ակցիաները մեկնաբանելու համար, դա վկայում է այն մասին, որ նա ներգրավված է այդ ամենում և ցանկանում է, որ այստեղ ինչ-որ բան փոխվի», - ասել է Վրաստանի վարչապետը։

Կիրակի երեկոյան «Իմեդի» հեռուստաընկերության եթերում վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է, թե Ուկրաինայից ինչ-որ անհասկանալի անձինք, անհաջողակներ՝ Կլիչկոն, Արախամիան, խոսում են Վրաստանում փոփոխությունների, իշխանափոխության անհրաժեշտության մասին։ «Դուք ձեր երկրին հետևեք, մենք էլ մեր երկրին կհետևենք», - շեշտել է Ղարիբաշվիլին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարիբաշվիլին Զելենսկուն խորհուրդ է տվել զբաղվել Ուկրաինայով, այլ ոչ թե Վրաստանով

Վրաստանի ղեկավարի զայրույթն է հարուցել մասնավորապես Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը։ «Օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության դեմ անցած շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիաների ժամանակ դիմելով վրաց ցուցարարներին՝ Ուկրաինայի առաջնորդն իր աջակցությունն է հայտնել և հաջողություն մաղթել հակակառավարական ցույցերի մասնակիցներին. - «Չկա այնպիսի ուկրաինացի, որը մեր բարեկամ Վրաստանին հաջողություն չցանկանա։ Ժողովրդավարական հաջողություն։ Եվրոպական հաջողություն»։

Ուկրաինայի նախագահը վրացական ընդդիմության ցույցերի մասնակիցներին է դիմում մի ժամանակահատվածում, երբ կտրուկ սրված են Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները։ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման ֆոնին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Վրացական իշխանությունները պատերազմի մեկնարկից ի վեր փորձում են նաև կանխել վրաց կամավորականների խմբերի Ուկրաինա մեկնումը։ Ի պատասխան՝ Զելենսկին հետ կանչեց Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին՝ վրացական իշխանություններին քննադատելով Կիևին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։
Երբեմնի մերձավոր բարեկամների միջև տարաձայնություններն է՛լ ավելի խորացան, երբ պաշտոնական Կիևն առանց փաստեր ներկայացնելու հայտարարեց, թե պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքներ, այդ թվում՝ ռազմական նշանակության ապրանքատեսակներ, երրորդ երկրներից Ռուսաստան են տեղափոխվում Վրաստանի տարածքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաց-ուկրաինական դիվանագիտական սկանդալը գնալով թեժանում է