Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին հեռուստաալիքի եթերում ասել է, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ծավալվող իրադարձությունները հիշեցնում են Կիևում «Մայդանը», որի նպատակն էր ուժով իշխանափոխություն կատարել:
Այդ մասին նա ասել է հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել «Բոլշայա իգրա» («Մեծ խաղ») քաղաքական հեռուստածրագրի ընթացքում:
«Շատ է նման կիևյան մայդանին: Ոչ մի կասկած չկա, որ ֆինանսավորման 20 տոկոսից ավելին արտասահմանից ստացող ոչ կառավարական կազմակերպությունների գրանցումը սոսկ պատրվակ էր, որին կհաջորդի ուժով իշխանությունը փոխելու գործընթաց»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև «կեղծավորություն» է անվանել Վրաստանի իրադարձությունների վերաբերյալ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեկնաբանությունները:
«Չնայած այն հանգամանքին, որ մի շարք եվրոպական երկրներում գործում են {օտարերկրյա գործակալներին առնչվող} նույն կանոնները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի խիստ, պարոն Բորելը միանգամից, առանց աչքը թարթելու, հայտարարեց, թե «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջ տարած օրինագիծը հակասում է եվրոպական արժեքներին և խոչընդոտում է Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն: Ընդհանուր հաշվով դա ակնհայտ կեղծավորություն է»,- ասել է Լավրովը:
Նրա համոզմամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները «կառավարվում են դրսիցմ և դրանց նպատակն է ստեղծել գրգռիչ գործոն Ռուսաստանի սահմանի մոտ»: