Ղարիբաշվիլին Զելենսկուն խորհուրդ է տվել զբաղվել Ուկրաինայով, այլ ոչ թե Վրաստանով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիրակի երեկոյան «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչներն ուղղակի ներգրավվածություն են ունեցել անցած շաբաթ Թբիլիսիում ծավալված իրադարձություններին։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ այդ ներգրավվածության ամենավառ ապացույցը Ուկրաինայի նախագահի կողմից վրաց ցուցարարներին աջակցություն հայտնելու մասին հայտարարություններ էին։

«Երբ պատերազմի մեջ գտնվող մարդը ժամանակ է գտնում Վրաստանում մի քանի հազար մարդու մասնակցությամբ ընթացող ապակառուցողական ակցիաները մեկնաբանելու համար, դա վկայում է այն մասին, որ նա ներգրավված է այդ ամենում և ցանկանում է, որ այստեղ ինչ-որ բան փոխվի», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ «հայտարարություններ են անում Կլիչկոն, Արախամիան, ինչ-որ անհաջողակներ՝ պնդելով, որ այստեղ փոփոխություններ և իշխանափոխություն է հարկավոր»։ «Դուք ձեր երկրին հետևեք, մենք էլ մեր երկրին կհետևենք», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ տապալեց աղմկահարույց օրինագիծը