Արեգ Քոչինյան. «Մեզ ամենախոցելի դարձնող դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է»

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ իրավիճակը իրապես լարված է, «նույնիսկ՝ գերլարված, պատերազմի, նոր հարձակման հավանականությունը բավականին մեծ է»: Այս մասին քաղաքագետը հայտարարեց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում՝ պատասխանելով Հայաստան ներխուժման Ադրբեջանի հնարավոր նոր փորձի վերաբերյալ առկա մտահոգություններին և այդ համատեքստում տարածաշրջան միջնորդների աշխուժացած այցերին առնչվող հարցին:

«Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը միայնակ չէ նման ագրեսիվ և նման մաքսիմալիստական քաղաքականություն մշակելու և իրացնելու իր գործում՝ Ադրբեջանը ունի դաշնակիցներ, և մեզ համար, ըստ էության, այդ գործում ամենակարևոր և մեզ ամենախոցելի դարձնող դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է», - ընդգծեց Քոչինյանը՝ շարունակելով. - «Ընդ որում, այստեղ երկու տարբերակ կա, երկուսն էլ հավասարապես մեզ համար մտահոգիչ են. մեկը՝ որ Ռուսաստանը այնքան անկարողունակ է, որ չի կարողանում կանգնեցնել դա, և երկրորդը՝ որ Ռուսաստանը օգտագործում է, գործիքայնացնում է Ադրբեջանը՝ Հայաստանին հիբրիդային հարվածներ հասցնելու և իր ցանկացածը Հայաստանից ստանալու»:

Ըստ քաղաքագետը՝ երկուսն էլ հավասարապես վտանգավոր սցենարներ են, «անգամ էական էլ չէ, թե սրանցից որն է, որովհետև վերջնարդյունքը մեկն է՝մենք ենթարկվում ենք ադրբեջանական հարձակումների»:

«Ես կասեմ նաև, որ այստեղ կա Հայաստանի քաղաքական ընտրանու մեղքի բաժինը, որովհետև պատերազմից անցել է երկու տարի, և այդ երկու տարիների ընթացքում, նույնիսկ ավելի, ըստ էության, ես չեմ տեսնում Հայաստանում բավականաչափ ռեֆորմներ, բավականաչափ տնային աշխատանք, բավականաչափ փոփոխություններ, որոնք որ գոնե կսկսեին կրճատել, լրջորեն կրճատել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալի միջև այն անջրպետը, որ առաջացել էր թե՛ մինչև պատերազմը, թե՛ հատկապես պատերազմից հետո», - ընդգծեց Քոչինյանը:

«Սովորաբար, միջազգային հարաբերությունների պրակտիկայի մեջ, օգնում են, սատարում են, զինակցում են աշխատողին՝ քրտնաջան, սեփական քրտինքը, արյունը և կամքը չխնայելով աշխատողին: Ու Ուկրաինան դրա լավագույն օրինակն է՝ ուկրաինացի ժողովուրդը կռվում է, Ուկրաինայի էլիտան աշխատում է և ստանում է ամենալայն աջակցությունը Արևմուտքից», - հայտարարեց քաղաքագետը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.