Իրադարձությունների դրամատիկ շրջադարձի արդյունքում Վրաստանի խորհրդարանում այսօր երկրորդ ընթերցմամբ տապալվեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունը։
Օրենսդիր մարմնի կանոնակարգ օրենքի պահանջով երկրորդ անգամ քվեարկության դրված օրենսդրական նախաձեռնությանը կողմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ըստ վրացական մամուլի, իշխող ուժի ներկայացուցիչ Դմիտրի Սամխարաձեն, դեմ՝ երեսունհինգը ընդդիմադիր խմբակցություններից, իշխող մեծամասնությունը քվեարկությանը չի մասնակցել։
Այսպիսով, իշխանական պատգամավորների խմբակցությանը մաս կազմող «ժողովրդի ուժը» շարժման ներկայացուցիչների հեղինակած օրինագծի ընդունումը պաշտոնապես տապալվեց։
Խորհրդարանի շենքի մոտ իրադարձությունը տոնող ցուցարարներից մեկը Reuters-ի հետ զրույցում ասել է՝ իր կյանքի «ամենաերջանիկ պահն է»՝ հավելելով՝ թեև գիտի՝ վրացիները Եվրամիության անդամ դառնալու համար դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։ «Մենք արևմտյան ապագա ենք ուզում և երբեք չենք վերադառնա ԽՍՀՄ, որը մեր ընտրությունը չէ»։
«Ռուս օրենսդիրների և Վրաստանի եվրոպացի գործընկերների արձագանքների ապշեցուցիչ տարբերությունը խոսում է այն մասին, թե որտեղ պետք է լինի Վրաստանի ապագան: Մեր ապագան Եվրոպան է, և ոչինչ չի կարող դրան խանգարել», - ասել է մեկ այլ ցուցարար։
«Վրացական երազանքը», որը շաբաթներ շարունակ կտրուկ հակադարձում էր օրենքի քննադատներին, ի վերջո ստիպված եղավ ետքայլ անել երկու օր անընդմեջ շարունակված բողոքի զանգվածային ակցիաներից հետո։ Քննադատները նախաձեռնությունը համեմատում են ռուսաստանյան օրենքի հետ, որը Պուտինի վարչակազմը որպես մահակ է օգտագործել լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ։
«Ազատ Եվրոպա / Ազատություն» ռադիոկայանի Current Time հեռուստանախագծի եթերում Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շեշել է՝ օրենքի հակառակորդներին օգնել է իրավիճակը ճիշտ ընկալել հենց ռուսաստանյան փորձի շնորհիվ։
«Մենք հստակ գիտենք՝ ինչպես է այդ ամենը տեղի ունեցել պուտինյան Ռուսաստանում։ Երիտասարդ սերունդը Վրաստանում հասկացավ, որ երկիրը քաղաքական կուրս է փոխում»,- ասել է Մարգվելաշվիլին։
Տապալված օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ արտասահմանյան ազդեցության գործակալներ պետք է համարվեին իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում: Օրենքի հեղինակները պնդում էին, թե որպես հիմք են վերցրել ԱՄՆ-ում մինչ օրս գործող օրենքը , ընդ որում, շեշտում են՝ վրացական տարբերակը շատ ավելի մեղմ է։ Ընդդիմախոսները, սակայն, հայտարարում են՝ վրաց պատգամավորները ռուսաստանյան տխրահռչակ օրենքից են արտագրել։
Աղմկահարույց նախաձեռնության դեմ փողոց դուրս եկած ցուցարարներին անցած օրերին ոստիկանությունը ջրցաններով, արցունաքաբեր գազով և այլ հատուկ միջոցներով էր դիմավորել, ցույցերի ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 130 մարդ։
Մեծ էր նաև արտաքին ճնշումը․ Վրաստանի իշխանություններին քննադատում և կոչ էին անում հրաժարվել օրենքից Վաշինգտոնից մինչև Բրյուսել՝ նախազգուշացնելով՝ այլախոհությունը ճնշելուն ուղղված օրենքը կարող է մահացու հարված հասցնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերին։ Թբիլիսիի եվրոպացի գործընկերները պնդում էին, թե նման օրենքը հակասում է Եվրամիության առջև ստանձնած Վրաստանի պարտավորություններին։
Օրենքի նախագիծն իր գործն արդեն արել է․ Կոբախիձե
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած քաղաքական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, շնորհակալություն հայտնելով ներքաղաքական ցնցումների հանգեցրած օրենսդրական նախաձեռնության հեղինակներին, պնդել է՝ օրենքի նախագիծն իր գործն արդեն արել է. - «Բոլորը խոստովանեցին, որ գործակալ լինելն ամոթ է՝ ում գործակալն էլ լինես։ Բոլորն իմացան այն կազմակերպությունների մասին, որոնք տարատեսակ հակապետական գործունեություն են ծավալում, օրինակ՝ պահանջում են կառավարության հրաժարականը, ինչը չի համարվում ոչ կառավարական կազմակերպությունների գործը, և երրորդ կարևոր ուղերձը՝ որևէ մեկին չի հաջողվի ոչ կառավարական կազմակերպությունների ձեռքերով «միացյալ ազգային շարժումը» Վրաստանում իշխանության բերել։
«Կիևյան Մայդան»՝ «Ամերիկայի ձեռքով»․ Մոսկվայի արձագանքը
Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանի պաշտոնյաները, այսօր մեկը մյուսի ետևից մեկնաբանելով վրացական ներքաղաքական զարգացումները, միաբերան պնդում էին` «ռուսական» որակվող օրենքի հետ Մոսկվան որևէ առնչություն չունի, իսկ իրադարձություններն իրենց հիշեցնում են կիևյան «Մայդանը»։
««Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը պարզապես պատրվակ էր բռնի ուժով իշխանափոխություն սկսելու համար», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան Առաջին ալիքով։
Կրեմլում էլ Նահանգների ձեռքն են տեսել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններում։
«Ժողովրդական հուզումներ հարուցած այս իրավիճակը առնչություն չունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Միաժամանակ տեսնում ենք ինչ-որ մեկի ձեռքը, չի կարելի ասել՝ «անտեսանելի», այն միանգամայն տեսանելի է։
Մենք տեսնում ենք, թե Վրաստանի նախագահը որտեղից է դիմում իր ժողովրդին, նա վրացիներին ու վրացուհիներին Վրաստանից չի դիմում, նա դիմում է Ամերիկայից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը և կարծիք հայտնել, թե հենց Ամերիկայի «տեսանելի ձեռքն է ջանասիրաբար փորձում է հակառուսական տարրեր ավելացնել»։