Մատչելիության հղումներ

Վրաստանում շարունակվում են ցույցերը


Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում, այսօր ևս շարունակվում է բողոքի ցույցը, չնայած իշխանությունները որոշել են հետ կանչել «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ օրինագծերը։
Խորհրդարանի շենքին հարակից Ռուսթավելի պողոտան արգելափակվել է, իսկ օրենսդիր մարմնի դիմացի հրապարակը լի է հազարավոր մարդկանցով։

Քաղաքացիներն այս անգամ իշխանություններին ոչ այնքան կոնկրետ գործողություններ ձեռնարկելու կոչ են անում, որքան տոնում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի երկու տարբերակների քննարկումը։

Այնուամենայնիվ, շատ ցուցարարներ անվստահություն են հայտնում երկրի իշխանություններին, քանի որ օրինագծերը հետ կանչելու մասին որոշումը հայտարարվել է միայն բանավոր և չի հաստատվել խորհրդարանում նախաձեռնության դեմ քվեարկությամբ։ Ընդդիմության ներկայացուցիչները նաև կոչ են անում իշխանություններին ազատ արձակել մարտի 7-ի և 8-ի ցույցերի ժամանակ բերման ենթարկված ավելի քան 130 մարդու։

Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսիում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրում էր:

XS
SM
MD
LG