Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչն ասել է, թե չի կարող երաշխավորել, որ իր երկիրը զերծ կմնա հակառուսական սանկցիաներին միանալուց:
«Ես չեմ կարող երդվել, որ մենք դա չենք անի, դա անպատասխանատվություն կլիներ, բայց մեր ամուր դիրքորոշման արդյունքում մենք դա դեռ չենք արել»,- նախօրեին Happy հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է Սերբիայի ղեկավարը:
Նա նշել է, որ Սերբիայի անվտանգության խորհրդի նիստում հստակ դիրքորոշում է որդեգրվել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ:
«Մենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ չենք սահմանում, մենք այդ հարցում յուրաքանչյուր բառի շուրջ խորհրդակցել ենք, ես ինքս եմ իմ ձեռքով հայտարարությունը գրել, մենք չափազանց ուշադիր ենք ընտրել ամեն մի բառ և որոշել ենք Սերբիայի քաղաքականությունը, ինչի համար երբեմն գին ենք վճարում»,- ասել է Վուչիչը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ալեքսանդար Վուչիչը հատուկ ուղերձով դիմել է ժողովրդին և հայտարարել, թե Սերբիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներին չի միանա:
Վուչիչն այդ ուղերձում նաև հայտնել է, որ Սերբիան միառժամանակ դադարեցնում է համատեղ զորավարժանքներն այլ երկրների բանակների և ոստիկանական ստորաբաժանումների հետ:
Վուչիչն ընդգծել է, որ «Սերբիան Ռուսաստանը և Ուկրաինան համարում է եղբայրական պետություններ, ցավում է Եվրոպայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել Կիևին»: