Մատչելիության հղումներ

Կոսովոյի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը


Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը Կոսովոյի հետ սահմանին, զինված ուժերը հասցնում «մարտական պատրաստության լիարժեք վիճակի»՝ անտեսելով լարվածությունը թուլացնելու Արևմուտքի կոչերը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերով՝ նպատակը սերբ հայրենակիցներին և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։

«Մենք իսկապես գտնվում ենք բարդ իրավիճակում, բայց մենք կգործադրենք առավելագույն ջանքերը, մենք կհոգանք, որպեսզի պահպանվեն խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև կպաշտպանենք մեր ժողովրդին Կոսովոյի հյուսիսում և Մետոհիայում», - նախօրեին հայտարարել է նախագահ Վուչիչը։

Սերբիայի իշխանությունների պնդմամբ՝ Ալբին Կուրտիի կառավարությունը սերբերի դեմ գործողությունների ծրագիր ունի:

«Բնականաբար, մեր հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը ամենայն պատասխանատվությամբ, և մենք գիտենք այն ամենը, ինչ նախապատրաստում է Պրիշտինան՝ յուրաքանչյուր քայլ, գործողությունների պլան, և այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Մենք պատասխանատու պետություն ենք և պետք է միանշանակ պաշտպանենք Սերբիայի ժողովրդին Կոսովոյում և Մետոհիայում», - նշել է Սերբիայի կառավարության Կոսովոյի և Մետոհիայի գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչը։

Պրիշտինայի և Բելգրադի հարաբերությունները կտրուկ սրվել են անցած շաբաթներին սերբ ոստիկանի ձերբակալության ֆոնին, որը մեղադրվում է Կոսովոյի հյուսիսային բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների կազմակերպման գործընթացում ներգրավված պաշտոնյաների նկատմամբ բռնությունների մեջ։

Կոսովաբնակ սերբերը մերժում են այդ ընտրությունները, որոնք նշանակվել են Կոսովոյի իշխանության մարմիններում աշխատող հարյուրավոր սերբ պաշտոնյաների հրաժարականներից հետո։ Սերբերը Կոսովոյի պետական մարմիններում դադարեցրել են իրենց գործունեությունը` ի նշան բողոքի սերբական պետհամարանիշները կոսովականի փոխարինելու Պրիշտինայի պարտադրանքի դեմ։

Կոսովոյի հյուսիսը հիմնականում բնակեցված է սերբերով, խոսքը մոտ 75 հազարի մասին է, որոնք Կոսովոյի անկախության հռչակումից 14 տարի անց էլ հրաժարվում են ճանաչել Պրիշտինայի ենթակայության տակ գործող հաստատությունները` շարունակելով օգտագործել Սերբիայի իշխանությունների կողմից տրված պետհամարանիշներն ու փաստաթղթերը։ Պրիշտինայի համար սա ինքնիշխանության, Կոսովոյի սերբերի համար ինքնության խնդիր է։

Թեև կոսովական համարանիշների նոր կարգի կիրառումը, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունները Պրիշտինան միջազգային գործընկերների հորդորով հետաձգել է, սակայն կոսովական լրացուցիչ ուժերի տեղակայումը սերբաբնակ շրջաններում սրել է դժգոհության ալիքը: Լարվածությունը վերջին շաբաթներն ուղեկցվում է անկարգություններով, սերբերն ի նշան բողոքի շարունակում են արգելափակված պահել մի շարք առանցքային ճանապարհներ, բարիկադների տեղադրմանը զուգահեռ գրանցվել են մի շարք զինված միջադեպեր, այդ թվում՝ հրազենի, նռնակների կիրառմամբ:

Հարձակումների թիրախում են հայտնվել Կոսովոյի ոստիկանության անդամները, Եվրամիության առաքելության և ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի պարեկները։ Վերջին զինված միջադեպը գրանցվել է անցած շաբաթավերջին՝ Զուբին Պոտոկում, ՆԱՏՕ-ի առաքելությունը հայտարարել է, որ կրակ է արձակվել զորախմբի անդամների ուղղությամբ, այժմ հետաքննում են միջադեպը։

Հյուսիսատլանտյան դաշինքը, որի մոտ 3700 զինվորականները վճռորոշ դեր են խաղացել Կոսովոյում խաղաղության երաշխավորման գոծում, կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից։ Եվրամիությունը, որն իր հերթին օրենքի գերակայության առաքելություն ունի մասնակի ճանաչված հանրապետությունում, զգուշացրել է, որ չի հանդուրժի հարձակումները ԵՄ ներկայացուցիչների դեմ։

Պրիշտինան անկարգությունների համար Սերբիայի իշխանություններին է մեղադրում: Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին պնդել է, որ միջադեպերի ետևում կանգնած են «Բելգրադի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումներ»։

«Կոսովոյի հյուսիսը շարունակում է խնդիր մնալ Սերբիայի տարածքային հավակնությունների պատճառով, որոնք Բելգրադն արտահայտում է ապօրինի հանցավոր կառույցների ֆինանսավորման միջոցով։ Բայց մենք վճռական ենք, ինչպես երբեք, մեր տարածքի յուրաքանչյուր հատվածում ունենալ անվտանգություն և օրենքի գերակայություն: Հանցավոր խմբավորումները չեն կարողանա հաղթել մեր քաղաքացիների, այդ թվում՝ հյուսիսում գտնվողների՝ իրենց հայրենիքում՝ Կոսովոյում ազատ ապրելու ցանկությունը», - շեշտել է նա։

Կոսովոյի կառավարությունը երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի առաքելությանը ժամանակ է տվել հանրային կարգը վերականգնելու, մասնավորապես ճանապարհին տեղադրված արգելապատնեշները հեռացնելու համար՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ինքը կանի։

Բելգրադը որպես նախապայման Կոսովոյից պահանջում է սահմանափակ ինքնավարություն շնորհել սերբերին։ Պրիշտինան, մինչդեռ, մտավախություն ունի, որ դա կհանգեցնի Կոսովոյում Սերբիայի կողմից վերահսկվող մինի պետության ստեղծման։

Կոսովոն Սերբիայից դե ֆակտո անջատվել է 1999-ին և միակողմանիորեն անկախություն հռչակել 2008-ին։ Պրիշտինայի հռչակած անկախությունը ճանաչել են աշխարհի 114 պետություններ: Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ իր նախկին նահանգը երկրի անբաժանելի մասն է: Այս հարցում Բելգրադին պաշտպանում են աշխարհի մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երկուսը` Ռուսաստանն ու Չինաստանը: Եվրամիությունը փորձում է համոզել բալկանյան երկու հարևաններին հարթել կնճռոտ հարցերը և բարիդրացիական հարաբերություններ հաստատել, սակայն այդ թվում՝ Բրյուսելի միջնորդությամբ տարիներ շարունակվող բանակցությունները առայժմ էական արդյունք չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG