Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նոր քննություն իրականացնել վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վրաերթից մահացած 28-ամյա Սոնա Մնացականյանի գործով՝ պարզելու՝ արդյո՞ք մեղքի բաժին չեն ունեցել շարասյան ղեկավարն ու պատասխանատու պաշտոնյաները։ Մինչ այդ ամբաստանյալի աթոռին է միայն ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը, ով վարում էր վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենան։ Մահացած հղի կնոջ հարազատները, մինչդեռ, ամիսներ շարունակ հայտարարում էին, թե քննությունը թերի է իրականացվել, և մյուս պատասխանատուների մեղսակցությունն այդպես էլ չի քննվել, ասում է ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Միջոցներ չեն ձեռնարկել տվյալ անձանց մեղավորության կամ անմեղության հաստատման ուղղությամբ բավարար փաստական տվյալներ ձեռքբերելու ուղղությամբ», - ասաց նա։
Երիտասարդ հղի կինը զոհվել է մոտ մեկ տարի առաջ՝ Պարոնյան փողոցն անցնելիս։ Փորձաքննությամբ հաստատվել է, որ վրաերթ կատարած մեքենան գերազանցել է թույլատրելի առավելագույն՝ 100 կիլոմետր ժամ արագությունը։Ավելի քան կես տարի շարունակված նախաքննությունը, սակայն, չի պարզել՝ ով, ինչու և ինչպես է որոշել, որ վարչապետին պետք է տեղ հասցնեին արագության խախտմամբ։ Այս հարցերը մի քանի ամիս է՝ հորը հանգիստ չեն տալիս:
«Ամեն դեպքում մենք հույսը չենք կորցնում, որ արդար դատավարություն կլինի։ Միայն Նավասարդյանին չեմ պատկերացնում, ինչ-որ մի բան էն չի եղել, որ կորել են այդ ձայնագրությունները։ Երևի ինչ-որ մի բան խոսել են, որ չեն ուզում հանրայնացնեն», - նշեց Մնացական Մնացականյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանության մայորին մեղադրանք առաջադրվեցԿառավարության 2006-ի որոշմամբ արձանագրվում է, որ Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ շքախմբի պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար: Դատախազությունը, սակայն պնդում է՝ թեև որոշումը կա, բայց դրա իրականացման կառուցակարգը չկա, ուստի շարասյան ղեկավարներն ու մյուս պաշտոնյաները ենթակա չեն պատասխանատվության։ Այժմ վերաքննիչը որոշել է, որ այս հարցով հավելյալ քննություն է պետք։ Դատարանը, ըստ փաստաբանի, հաստատել է նաև, որ նախաքննության ընթացքում բավարար քայլեր չեն արվել պարզելու՝ ուր են անհետացել ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունները։ Զոհվածի հարազատները կարծում են, որ դրանք կարող էին պատասխան տալ շատ հարցերի, այդ թվում՝ պարզաբանել՝ ինչ են քննարկել ավտորաշարասյան ղեկավարները դեպքից առաջ ու հետո, ինչ որոշումներ են կայացվել և ում կողմից։
«Վարույթն իրականացնող մարմինը բավարարվել է մի ընդամենը մեկ գրություն ստանալով, ոստիկանության գրությունն առ այն, որ ձայնագրություն չի իրականացվել։ Մինչդեռ, միջոցներ չեն ձեռնարկվել տեխնիկական սարքերն առգրավելու, փորձաքննություն նշանակելու ուղղությամբ և այլն, որում իմ այդ հարցադրումներին տրվում էր շատ տարօրինակ պատասխան, թե հիմքեր չկան կասկածի տակ դնելու ոստիկանության գրությունը։ Սա աբսուրդ է», - ասաց փաստաբանը:
Միակ մեղադրյալը՝ շարասյան առաջին մեքենայի վարորդը, մեղքը չի ընդունում։ Նրա փաստաբանը պնդում է, թե դեպքը չէր լինի, եթե Սոնան, ենթարկվելով կարգավորողին, փողոցի կեսից հետ չգնար. «Ես դեպքի վայրից ընդամենը 50 մետր վերև կանգնել եմ, ես ինքս մեքենայից իջել եմ, այնուհետև շտապօգնությունը տեղափոխել է հիվանդանոց, ես եղել եմ հիվանդանոցի առաջին մուտքի դիմաց կանգնած»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկեց վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ գործով նախնական դատական նիստըՍոնա Մնացականյանի հարազատները շարունակում են հայտարարել՝ արդարադատություն են պահանջում, այսօր դատական նիստին ներկա էր հորեղբայրը, հայրը վատառողջ էր, դատարան չէր եկել:
«Իմ հույսը կոնկրետ միակ, որ արդարադատությունը հաղթելու է, և մեղավորը պիտի պատժվի, միակ հույսս և վստահությունս դա է, և վստահ եմ ես դրանում», - նշեց Գրիշա Մնացականյանը:
Վերաքաննիչ դատարանը օրերս է կայացրել որոշումը, դատախազությունը 15 օր ունի այն բողոքարկելու կամ շարասյան ղեկավարի ու պաշտոնյաների հարցով նոր քննություն սկսելու համար։