Բաքուն քննադատում է Փարիզին` Արցախում ոստիկանական մեքենայի վրա զինված հարձակման փաստն արձանագրող հայտարարության համար:
Մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքելով՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հստակ մատնանշել էր, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզն ընդգծում է՝ ադրբեջանցիները թիրախավորել են ոստիկանական մեքենանԱդրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդում է՝ «պաշտոնական Փարիզը շարունակում է կանխակալ և չհիմնավորված դիրքորոշում ցուցաբերել»:
«Ադրբեջանի տարածքում սադրանքի նման արդարացումն անընդունելի է», - նաև հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե Բաքուն «լի է վճռականությամբ՝ հայկական կողմի շարունակական սադրանքները կանխելու համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»։
Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախում ոստիկանական ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ մեկ սպա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է երկու, վիրավորվել՝ առնվազն մեկ զինծառայող։ Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է միջադեպի տեսանյութը, չնայած դրան՝ Բաքուն սեփական վարկածն է պնդում, թե առաջինը հայկական կողմն է կրակել «օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստուգում իրականացնելու համար» մեքենային մոտեցած ադրբեջանցի զինծառայողների վրա: