«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց։ Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին», - երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նա ընդգծել է, որ «հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ»։ «Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», - ասել է Փրայսը:
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է»: «Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», - նշել է Նեդ Փրայսը։
Հարցին, թե ինչպես են վերաբերվում ռուսական միջնորդությանը, Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է. - «Սա կողմերի հարցն է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր ցանկությունն ու պատրաստակամությունը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում»։
«Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնել այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես եղավ մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղության և անվտանգության մեջ է։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը։
Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ Արցախի մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդում է, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքում է։
Հայկական կողմը հայտնել է երեք զոհի, ադրբեջանականը՝ երկուսի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասին